Մատչելիության հղումներ

Իսպանիան հայազգի մեղադրյալին կհանձնի Ռուսաստանին


Վաղը Իսպանիայի իրավապահները ռուսաստանցի գործընկերներին են հանձնելու Մագադանի նահանգապետի սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Մարտին Բաբակեխյանին: Նրան Մադրիդից փոխադրելու են Մոսկվա, որտեղ քննչական գործողությունների ընթացքում կպահեն ներքին գործերի համակարգի մեկուսարանում:

Էքստրադիցիան տեղի է ունենում Ինտերպոլի Իսպանիայի եւ Ռուսաստանի ազգային կառույցների փոխադարձ համաձայնությամբ:

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Ինտերպոլի ազգային բյուրոն հաղորդել է, որ էքստրադիցիան հնարավոր է դարձել, երբ Իսպանիայի պատկան մարմինները հիմնավորված են համարել Բաբակեխյանին հանձնելու մասին Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության խնդրանքը:

Ռուսաստանի իրավապահների փոխանցմամբ, Բաբակեխյանը եւ նրա հանցակիցը՝ Ալեքսանդր Զախարովը 2002 թվականի հոկտեմբերին 18-ին Մոսկվայում՝ Նովի Արբատ փողոցում գտնվող Մագադանի շրջանի ներկայացուցչության գրասենյակի շքամուտքի մոտ հրազենից սպանել են Մագադանի նահանգապետ Վալենտին Ցվետկովին եւ մահափորձ կատարել շրջանային վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյա Պյոտր Շապկայի կյանքի դեմ:

Ըստ քննիչների, հանցագործները նախապես ձեռք են բերել կեղծ անձնագրեր, գնել են երկու մեքենա եւ բջջային հեռախոսներ, Մոսկվայում բնակարան են վարձել: Նրանք գաղտնաբար ուսումնասիրել են Մոսկվայում նահանգապետի տեղաշարժը եւ աշխատանքային օրակարգը:

Հավաքելով անհրաժեշտ տեղեկությունները` նրանք հոկտեմբերի 18-ին մեքենայով հասել են Նովի Արբատի փողոց եւ սպասել նահանգապետի ժամանմանը:

Քննչական խմբի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ «հանցագործության անմիջական կատարողը կրակ է բացել Վալենտին Ցվետկովի վրա այն պահին, երբ նա եւ Պյոտր Շապկան դուրս են եկել մեքենայից եւ շարժվել դեպի գրասենյակի մուտքը: Ցվետկովը գլխին ստացած վնասվածքից տեղում մահացել է: Քիլերը այնուհետեւ գնդակ է արձակել Շապկայի վրա, սակայն վրիպել է եւ, տեղում թողնելով ատրճանակը, անմիջապես նստել է իրեն սպասող մեքենան ու անհետացել»:

2003 թվականին այդ սպանությունը հայտարարվել է բացահայտված: Իրավապահները ձերբակալել են երկու կասկածյալի՝ Սերգեյ Ֆիլիպենկոյին եւ Արթուր Անիսիմովին, եւ հետախուզում հայտարարել եւս հինգի, այդ թվում Զախարովի եւ Բաբակեխյանի նկատմամբ:

2007 թվականի հուլիսի 7-ին իսպանացի ոստիկանները Զախարովին եւ Բաբակեխյանին ձերբակալել են Մարբելյա հանգստավայրում: Հուլիսի 31-ին Զախարովին Իսպանիայից փոխադրել են Ռուսաստան:

Իրավապահների փոխանցմամբ, հանցագործները նահանգապետ Ցվետկովին սպանելու պատվերը ստացել են չբացահայտված անձանց կողմից:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG