Մատչելիության հղումներ

Բուլղարիայի խորհրդարանը հրաժարվեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը


Բուլղարիայի խորհրդարանը այսօր մերժել է ընդդիմադիր պատգամավորների ներկայացրած չորս նախագծերը, որոնցով առաջարկվում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` բուլղարացի խորհրդարանականները քվեարկել են ցեղասպանությունը ճանաչող երեք օրինագծերի, ինչպես նաեւ «Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի դեմ գործադրված ցեղասպանությունը դատապարտող հռչակագրի» ընդունման դեմ:

Ծայրահեղ ազգայնական «Ատակա», աջակողմյան «Բուլղարական ժողովրդական միություն» եւ «Ժողովրդավարական ուժերի միություն» կուսակցությունների առանձին-առանձին ներկայացրած նախագծերը մերժվել են սոցիալիստների գլխավորած իշխող կոալիցիայի կողմից, որում ընդգրկված է նաեւ թուրքական փոքրամասնության կուսակցությունը:

240-տեղանոց խորհրդարանի` նիստին ներկա անդամների գրեթե մեկ երրորդը ձեռնպահ է քվեարկել:

«Չեմ կարծում, թե այս դահլիճում կա պատգամավոր, ով տեղյակ չէ, թե ինչ է նշանակում ավելի քան մեկ միլիոն հայերի ֆիզիկական բնաջնջումը, սակայն պատմական ճշմարտությունը մի բան է, քաղաքականությունը` լրիվ այլ բան», - քվեարկությունից հետո հայտարարել է սոցիալիստ պատգամավոր Ալեքսանդր Ռադոսլավովը:

Բուլղարիան արդեն քանիցս հրաժարվել է ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ` զգուշանալով հարեւան Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելու հեռանկարից:

Բուլղարիայի 7,6 միլիոն բնակիչներից 800 հազարը ծագումով թուրք են, իսկ հայ համայնքը այդ երկրում հաշվվում է շուրջ 10 հազար մարդ, հիմնականում` Ցեղասպանությունից փրկվածների ժառանգներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG