Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Վարչախումբը չի կարող դիմագրավել ժողովրդական շարժման ուժին»


«Իրեն ամբողջովին վարկաբեկած կոռումպացված վարչախումբը չի կարող դիմագրավել ժողովրդական շարժման ուժին», - հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ, նախագահության առաջադրված թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը ռուսաստանյան «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում:

Փետրվարի 19-ի ընտրություններում հնարավոր ընտրակեղծիքների դեպքում իր ձեռնարկելիք գործողություններին առնչվող հարցին Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է. - «Մեզ ամենեւին պետք չէ ապակայունացում: Մենք հրաշալի գիտենք մեր ժողովրդավարական իրավունքները եւ օգտագործելու ենք պայքարի` Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված բոլոր միջոցները, որպեսզի ժողովրդի ժողովրդավարական կամքը հաղթանակ տանի»:

Իր վերադարձը քաղաքականություն, առաջին նախագահի խոսքերով, թելադրված է պարտքի զգացումով. - «Ես չեմ կարող անհաղորդ մնալ այն ամենին, ինչ այսօր կատարվում է Հայաստանում: Իմ կարծիքով, տասը տարվա ընթացքում այստեղ ձեւավորվել է կլեպտոկրատական (քանի որ խոսքը կազմակերպված խմբի մասին է, ես նույնիսկ կասեի` ավազակապետական) վարչախումբ, որի նպատակները, ինչպես ես եմ կարծում, որեւէ առնչություն չունեն պետական շահերին: Դա ոչ թե առանձին կոռումպացված անձինք են, այլ լավ կազմակերպված կառուցվածքայնացված համակարգ, որում կարգավորված են կոռուպցիոն ֆինանսական հոսքերը եւ գործում են հանցաշխարհի օրենքները: Առանց այդ մոնոլիտ բուրգի անհապաղ ապամոնտաժման եւ օրինականության վերականգնման Հայաստանը ոչ մի ապագա չունի»:

«Իմ ծրագիրը, ըստ էության, Հայաստանի քաղաքական եւ տնտեսական արդիականացման ծրագիր է», - հայտարարել է Տեր-Պետրոսյանը: - «Քաղաքական ոլորտում դա նշանակում է ներկայիս բրգաձեւ համակարգի ապամոնտաժում, լիարժեք ժողովրդավարության հաստատում, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների անկախության եւ հավասարության ապահովում, Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների ընդլայնում: Տնտեսական ոլորտում դա դեպի արտահանում կողմնորոշված արտադրության խթանումն է, պետական աջակցությունը բարձրտեխնոլոգիական արդյունաբերությանը, մասնավորապես, տեղեկատվական եւ հեռահաղորդակցման բնագավառներում, գյուղական տնտեսությունները սպասարկող ենթակառույցների ստեղծումը, բանկային օրենսդրության կատարելագործումը, ներդրումային հիմնադրամների, ֆոնդային բորսաների, վարկային կազմակերպությունների գործունեության խթանումը»:

Արտաքին քաղաքականության ոլորտում Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջնային կարեւորություն է տալիս անմիջական հարեւանների` Ռուսաստանի, Իրանի եւ Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը եւ խորացմանը:

«Մենք նաեւ ձգտելու ենք կառուցողական ջանքեր գործադրել մեր մյուս երկու հարեւանների` Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, հաղթահարել Հայաստանի քաղաքական եւ տնտեսական մեկուսացումը», - ասել է նախագահի առաջադրված թեկնածուն:

«Ես հպարտանում եմ, որ եղել եմ այն պետական-իրավական բազայի ճարտարապետներից մեկը, որի հիման վրա կառուցվել են հայ - ռուսական հարաբերությունները: Ութ տարվա ընթացքում` 1990-98 թվականներին, մեր արտաքին քաղաքականության առավել կոռեկտ, արժանապատիվ եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները եղել են հենց Ռուսաստանի հետ: Եվ դրանից շահել է ինչպես Հայաստանը, այնպես էլ Ռուսաստանը», - հայտարարել է Տեր-Պետրոսյանը եւ վստահություն հայտնել, որ իր ընտրվելու դեպքում երկկողմ համագործակցությունը անվտանգության, տնտեսության եւ հաղորդակցությունների զարգացման բնագավառներում միայն կընդլայնվի:

Ինչ վերաբերում է ընտրվելու դեպքում 3 տարի անց հրաժարական տալու իր պատրաստակամությանը` նախագահի առաջադրված թեկնածուն պարզաբանել է. - «Երեք տարին ինձ անհրաժեշտ է` ավգյան ախոռները մաքրելու եւ պետությունը նորմալ հիմքի վրա դնելու համար: Ես արել եմ այդ առաջարկը` հասնելու համար իշխանության թեկնածուի դեմ պայքարում ընդդիմության լիակատար միավորման: Եթե դա տեղի չունենա, բնականաբար, անվավեր կդառնա նաեւ իմ նշած պայմանական եռամյա ժամկետը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG