Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Հրանտ Դինքի սպանությունը երկու անմոռանալի ցնցումներից մեկն էր»


Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հոդված է գրել «Ակոս» թերթի խմբագրակազմի խնդրանքով` թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության առաջին տարելիցի կապակցությամբ:

«Ես պետք է խոստովանեմ, որ այս պաշտոնը զբաղեցնելու տարիների ընթացքում երկու անգամ խորագույն ու անմոռանալի ցնցում եմ ապրել. առաջինը 1999 թվականին, երբ Հայաստանի կայունությունը վտանգի ենթարկվեց ահաբեկիչների կողմից, իսկ երկրորդը` անցյալ տարի, երբ Հրանտ Դինքի սպանության գույժը հաղորդող հեռախոսազանգ ստացա: Երկու դեպքում էլ դրանք հարձակումներ էին ոչ թե մարդու, այլ գաղափարների ու արժեքների վրա»,֊ - մասնավորապես ասված է հոդվածում:

«Հրանտի սպանությունը հարձակում էր ժողովրդավարական հիմքերով թուրքական պետություն կառուցելու փորձի վրա: Սպանողների թիրախն էր նրա պատկերացումը մի այնպիսի Թուրքիայի վերաբերյալ, որը չի սահմանափակում խոսքի ազատությունը, հանդուրժում է բաց քննարկումներ եւ հավասարի պես է ընկալում ազգային փոքրամասնություններին պատկանող իր քաղաքացիներին»,֊ - գրել է արտգործնախարարը:

«Մի տարի առաջ մեզ հուզեց մարդկային խորը ցավի հորդումը թուրքական հասարակության բոլոր շերտերում, հատկապես նրանց մոտ, ովքեր սարսափել էին մի երիտասարդի կողմից այդպիսի բռնության իրականացումից եւ դա դիտարկում էին որպես հաջորդ սերնդում ատելության ու թշնամության շարունակություն: Հրանտ Դինքի ընտանիքը, նրա գործընկերներն «Ակոս»-ում ու նրա շուրջ, նրա ընկերները Հայաստանում ու Թուրքիայում փոքր-ինչ կսփոփվեն գիտենալով, որ այսօր ու վաղը, համոզմած եմ, Հրանտին կհիշեն եւ հայերը, որոնք կիսում են ժողովուրդների միջեւ փոխըմբռնման ու ներդաշնակության մասին նրա պատկերացումը, եւ թուրքերը, որոնք կիսում են հարեւանների ու պատմության հետ խաղաղ ապրելու նրա երազանքը»,֊ - եզրափակել է Վարդան Օսկանյանը:

Հոդվածը հրապարակվել է «Ակոս»-ի, ինչպես նաեւ թուրքական «Զաման» թերթի այսօրվա համարներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG