Մատչելիության հղումներ

Լրագրողը հրավիրվել է ոստիկանություն` ՄԻԱԿ-ի ակտիվիստին «վիրավորելու» համար


«Նոյյան տապան» լրատվական գործակալության քաղաքական մեկնաբան Դավիթ Պետրոսյանը չորեքշաբթի օրը հաստատել է, որ ոստիկանություն էր կանչվել իշխանամետ Միացյալ ազատական ազգային կուսակցության (ՄԻԱԿ) ներկայացուցչին «վիրավորելու» համար:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Պետրոսյանը պատմեց, որ հունվարի 12-ին ՄԻԱԿ-ի երկու ներկայացուցիչներ թակել են իր բնակարանի դուռը` հանձնելու վարչապետ, նախագահի առաջադրված թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու կոչ անող քարոզչական թերթիկներ:

«Բավականին կտրուկ ձեւով ես փորձեցի իրենց ասել, որ հեռանան, որովհետեւ ինձ անհանգստացնում են», - ասաց Դավիթ Պետրոսյանը: - «Երկրորդը` որ իրենք իրավունք չունեն քարոզելու, որովհետեւ պաշտոնական քարոզարշավը սկսվում է հունվարի 21-ից... Նրանք ասացին, որ իրենք այդ իրավունքը ունեն: Ես էլ բավականին ագրեսիվ էի ինձ պահում եւ ամեն ինչ արեցի, որ իրենք հեռանան... Հետագայում նրանք բողոքեցին ոստիկանություն, որ, համաձայն իրենց հայտարարության` ես քացով խփել եմ այդ աղջկան, որը եկել էր քարոզարշավի»:

Այս վերջին պնդումը Դավիթ Պետրոսյանը կտրականապես հերքեց:

Այդուամենայնիվ, հունվարի 15-ին նրան հրավիրել էին Կենտրոն համայնքի ոստիկանության բաժին. - «Ես եղա ոստիկանությունում եւ հրաժարվեցի որեւէ բացատրություն տալ, որովհետեւ դա իմ իրավունքն է: Ոստիկանությունը ինքը պետք է ապացուցի, որ իրոք դա այդպես է եղել: Իսկ ես համարում եմ, որ ես անմեղ եմ»:

Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ Կենտրոնի ոստիկանությունում մարմնական վնասվածք ստացած անձանցից բողոք կամ հայտարարություն չի եղել:

ՄԻԱԿ կուսակցության նախագահ Սամվել Ֆարմանյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ «նման որեւէ դեպք չի եղել». - «Ես ինքս անիմաստ եմ համարում որեւէ կերպ արձագանքել մամուլում տեղ գտած այն ստահոդ լուրերին, թե մեր կուսակցականների կամ համակիրների նկատմամբ վատ տրամադրված քաղաքացիները հրավիրվում են ոստիկանության բաժանմունքներ»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG