Մատչելիության հղումներ

Լոնդոնը, Նյու Յորքը եւ Մոսկվան` աշխարհի ամենաթանկ քաղաքներ


Անշարժ գույքը աշխարհում ամենաթանկը Լոնդոնում է, Նյու Յորքում եւ Մոսկվայում: Այդ է վկայում «Գլոբալ Փրոփերթի Գայդ» («Անշարժ գույքի համաշխարհային ուղեցույց») կազմակերպության հրապարակած` 2008 թվականի աշխարհի թանկ քաղաքների ցանկը:

Մեկ քառակուսի մետր բնակելի տարածքի արժեքը Լոնդոնում 21 հազար 800 դոլարից մինչեւ 36 հազար 200 դոլար է:

Անշարժ գույքի բարձր գներով աշխարհում երկրորդ տեղում Նյու Յորքն է. Մանհեթենում մեկ քառակուսի մետրի արժեքը 13 հազարից մինչեւ 21 հազար դոլար է:

Երրորդ թանկ քաղաքը Մոսկվան է. այստեղ բնակարան կարելի է ձեռք բերել` մեկ քառակուսի մետրի համար վճարելով 10 հազարից մինչեւ 20 հազար դոլար:

Եվրոպայում գները թանկ են Փարիզում, Բարսելոնում, Ժնեւում, իսկ ցածր գներ Թուրքիայում են. Ստամբուլում բնակտարածքի մեկ քառակուսի մետրը արժե 1 800-ից մինչեւ 2 600 դոլար:

Աշխարհի թանկ քաղաքների ցանկում ընդգրկված են նաեւ քաղաքներ Ասիայից, Մերձավոր Արեւելքից, Աֆրիկայից:

Հոնկոնգում, Տոկիոյում, Սինգապուրում բնակելի տարածքի մեկ քառակուսի մետրի արժեքը 10 հազարից մինչեւ 14 հազար դոլար է: Ասիայում ամենաէժանը չինական քաղաքների բնակարաններն են:

Ըստ անշարժ գույքի ուղեցույցի` աշխարհում բնակարանների ցածր գները Միջին Արեւելքում եւ Աֆրիկայում են: Օրինակ, Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում հնարավոր է բնակարան գնել քառակուսի մետրը 400-ից մինչեւ 900 դոլարով:

Աշխարհի թանկ քաղաքներում թանկ են նաեւ բնակարանների վարձակալության գները: Lոնդոնում 120 քառակուսի մետր տարածքով բնակարանի ամսական վարձը 13 հազար դոլար է, նույնչափ` Նյու Յորքում, Մոսկվայում` 8 հազար դոլար:

Ցանկում ընդգրկված քաղաքներից վարձակալության ամենաէժան գները Կահիրեում են` 150 քառակուսի մետր մակերեսով բնակարանը այստեղ կարելի է վարձել ամսական 455 դոլարով:

«Գլոբալ Փրոփերթի Գայդ»-ի հրապարակած աղյուսակում Երեւանը ընդգրկված չէ:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG