Մատչելիության հղումներ

Բուրջանաձե. «Վրաստանի իշխանությունները որոշումները կախված չեն լինի հանրահավաքների քանակից եւ դրանց մասնակիցների թվից»


Երկուշաբթի օրը, անդրադառնալով նախօրեին կայացած ընդդիմության հանրահավաքին, Վրաստանի նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեն հայտարարել է, թե Վրաստանի իշխանությունները «չեն ընդունի որոշումներ կախված հանրահավաքների քանակից եւ դրանց մասնակիցների թվից»:

«Մենք հարգում ենք քաղաքացիների կարծիքը եւ պատրաստ ենք լսել այն», - ասել է Բուրջանաձեն: - «Այդուհանդերձ, իշխանությունները որոշումներ ընդունելու են օրենքի շրջանակներում եւ քաղաքական ուժերի հետ բանակցությունների ճանապարհով»:

Բուրջանաձեն նշել է, թե «իշխանությունները պատրաստ են շարունակել խորհրդակցություններն ու երկխոսությունը ընդդիմության հետ», եւ հայտարարել է, որ «շատ բարձր է գնահատում Սահակաշվիլիի եւ Գաչեչիլաձեի (նախագահական ընտրություններում ընդդիմադիր Ազգային խորհրդի թեկնածուի)` հինգ օր առաջ տեղի ունեցած հանդիպումը»:

«Մենք պատրաստ ենք երկխոսություն վարել ընդդիմության հետ», - ասել է նա:

Նախօրեին Թբիլիսիում տեղի է ունեցել Ազգային խորհուրդը կազմող կուսակցությունների կողմից կազմակերպված հանրահավաք: Կազմակերպիչների պնդմամբ, մասնակիցների թիվը անցել է 80 հազարից: Հանրահավաքի ելույթներում ընդդիմության ղեկավարները կրկին պնդել են, որ ընտրությունների արդյունքները «կեղծվել են» իշխանությունների եւ ԿԸՀ-ի կողմից, եւ պահանջել են քվեարկության երկրորդ փուլի անցկացում:

Ընդդիմությունը մտադիր է բողոքի խաղաղ ցույցը շարունակել վաղը:

Իշխանությունները հերքում են ընդդիմության մեղադրանքները` հայտարարելով, թե «մի շարք ընտրատեղամասերում տեղ գտած խախտումները կրել են ոչ էական բնույթ եւ չեն ազդել ընտրությունների ընդհանուր պատկերի վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG