Մատչելիության հղումներ

Ստեփան Զաքարյան. «Համախմբվել պետք էր խորհրդարանական ընտրություններից առաջ»


Ստեփան Դեմիրճյանի գլխավորած Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) վարչության նախկին քարտուղար Ստեփան Զաքարյանի որոշումը կուսակցությունից դուրս գալու մասին, պայմանավորված է առաջիկա նախագահական ընտրություններում ՀԺԿ-ի` Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու որոշմամբ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Ստեփան Զաքարյանը ասաց, որ կուսակցական գործունեության չի զբաղվում արդեն խորհրդարանական ընտրություններից հետո, բայց, երբ հայտնի դարձավ, որ ՀԺԿ-ն սատարելու է Լեւոն Տեր-Պետրոսյանին, կուսակցության շարքերը լքելու որոշումը «վերջնական դարձավ»:

«Հիմնական մեղավորը ես համարում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին», - ասաց Ստեփան Զաքարյանը: - «Եվ ոչ թե ցուրտ-մուրտ, այլ` ժողովրդի հավատի կորուստը: Այն ժողովրդի, որ արեց այն, ինչ արեց 88-ին... Այդ ժողովրդին չէր կարելի կոտրել»:

Խնդիրը, թերեւս, միայն Տեր-Պետրոսյանի անձը չէ. Զաքարյանը վստահ է, որ նախագահի որեւէ թեկնածու չի կարող իրագործել այն ամենը, ինչ խոստանում է, քանի որ չունի խորհրդարանական մեծամասնության աջակցությունը:

Այս առիթով ՀԺԿ-ի քարտուղար Գրիգոր Հարությունյունը, ով ասաց, որ տեղյակ չէ Ստեփան Զաքարյանի` կուսակցության շարքերը լքելու որոշման իրական պատճառների մասին, ասաց. - «Տարիներ շարունակ մենք պայքարում ենք այս ռեժիմի դեմ եւ այսօր կրկնում ենք այդ ռեժիմի պարագլուխի խոսքերը... Դրանք նույն խոսքերն են, ինչ ասել է Ռոբերտ Քոչարյանը»:

Ստեփան Զաքարյանը, մինչդեռ, հիշեցրեց, որ, անկախ նրանից, թե ինքն է ասում դա, թե Ռոբերտ Քոչարյանը, Սահմանադրությունն է ենթադրում համագործակցություն նախագահի եւ խորհրդարանական մեծամասնության միջեւ, այլապես` «որեւէ ծրագիր իրագործելի չէ»:

Զաքարյանի համոզմամբ, համախմբումը պետք է տեղի ունենար խորհրդարանական ընտրություններից առաջ. հիմա «գնացքը արդեն գնացել է», Ազգային ժողովի ընտրությունները ամեն ինչ արդեն վճռել են:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG