Մատչելիության հղումներ

Գաչեչիլաձեն ուղիղ հեռուստաեթերով պահանջել է ընտրությունների երկրորդ փուլի անցկացում


Վրաստանում անցկացված նախագահական ընտրություններում միասնական ընդդիմության թեկնածու Lեւան Գաչեչիլաձեն երեկ ուշ երեկոյան «Ռուսթավի - 2» հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարել է, որ ընտրությունների երկրորդ փուլ չանցկացնելու դեպքում ընդդիմությունը չի դադարեցնելու հանրահավաքային պայքարը:

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ բազմաթիվ ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները կեղծվել են հօգուտ Միխեիլ Սահակաշվիլիի: Նա չի հաղթել, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հայտարարել երկրորդ փուլ», - ասել է նա:

«Ռուսթավի - 2»-ի «Փրայմ - Թայմ» թոք-շոուի ուղիղ եթերում Գաչեչիլաձեն հայտնել է, որ հունվարի 9-ին հանդիպել է Միխեիլ Սահակաշվիլիին:

«Մենք որեւէ կոնկրետ զրույց չենք ունեցել. ես միայն ասել եմ, որ պետք է խուսափել քաղաքացիական դիմակայությունից, ասել եմ, որ անարդարության դեպքում լարվածության եւ ապակայունացման ռիսկը մեծ է», - նշել է ընդդիմադիր գործիչը` հավելելով. - «Ես առաջիններից կլինեմ, ով կշնորհավորի Սահակաշվիլիին, եթե նա հաղթի երկրորդ փուլում»:

Սահակաշվիլիին, ով համաձայն Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների` հաղթել է հունվարի 5-ի ընտրություններում, օրերս պատրաստակամություն էր հայտնել կառավարության ձեւավորման ժամանակ համագործակցել ընդդիմության հետ: Գաչեչիլաձեն, սակայն, հայտարարել է, թե մտադիր չէ Սահակաշվիլիի հետ համագործակցել` «գոյություն ունեցող անարդարության պատճառով»:

«Հանդիպել եմ Սահակաշվիլիին, որովհետեւ ինձ հետաքրքրում է իմ երկրի ճակատագիրը: Եվ նրան բացատրել եմ, որ բացարձակապես անընդունելի է հակադրությունը իշխանությունների եւ ժողովրդի միջեւ», - «Ռուսթավի - 2»-ի եթերում ասել է Գաչեչիլաձեն:

Նա պատրաստակամություն է հայտնել ստանձնելու պատասխանատվությունը իրադարձությունների հետագա զարգացման համար. - «Բացարձակապես անթույլատրելի է 90-ականների դեպքերի վերադարձը, երբ Վրաստանը խրված էր քաղաքացիական դիմակայության մեջ: Գոյություն ունեցող անարդարությունն է ներկայումս Վրաստանում լարվածության հիմնական աղբյուրը, եւ Վրաստանն այսօր կանգնած է քաղաքացիական դիմակայության շեմին»:

Գաչեչիլաձեն հայտնել է, որ հանդիպել է նաեւ ընդդիմադիր թեկնածուներից երեքի` Դավիթ Գամկրելիձեի, Շալվա Նաթելաշվիլիի եւ Իրինա Սարիշվիլիի հետ, ովքեր միացել են ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու կոչին:

Հունվարի 13-ին վրացական ընդդիմությունը բողոքի ցույց է նախաձեռնել:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG