Մատչելիության հղումներ

Լիվերպուլը` մշակույթի եվրոպական մայրաքաղաք


Այսօր Լիվերպուլը պաշտոնապես կստանձնի մշակույթի եվրոպական մայրաքաղաքի կարգավիճակը:

Երեկոյան արվեստագետների խմբերը կբարձրանան քաղաքի կենտրոնին հարող շենքերի տանիքներ, որտեղ կազմակերպվում են համերգներ եւ ներկայացումներ, լուսային շոուներ:

Հանդիսավոր մեծ շոուի սցենարով Լիվերպուլում պատրաստվում է նաեւ մի հսկայական արտառոց պարային համար` ամբարձիչ կռունկների, վերելակների եւ կոնտեյներների մասնակցությամբ:

Շոուների մասնակիցների թվում է Լիվերպուլում ստեղծված լեգենդար ռոք խմբի` «Բիթլզ»-ի հարվածող Ռինգո Սթարը: Նախապես մասնակցելու համաձայնություն էր տվել նաեւ Փոլ ՄըքՔարթնին, սակայն նա անցած տարվա աշնանը առողջական որոշ խնդիրներ է ունեցել եւ վերջին շրջանում շոուների չի մասնակցում:

Առաջին անգամ 1985 թվականին Եվրոպայի մշակույթի քաղաք է ընտրվել Աթենքը: 1999 թվականից սկսած այդ պատվավոր տիտղոսը վերանվանվել է «Մշակույթի եվրոպական մայրաքաղաք»: Հաջորդ տարի մշակույթի մայրաքաղաք են հռչակվելու ավստրիական Լինցն ու Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսը, իսկ 2010 թվականին այդ պատվին կարժանանան հունգարական Պետչը, գերմանական Էսսենը եւ Թուրքիայի ամենախոշոր քաղաքը` Ստամբուլը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG