Մատչելիության հղումներ

Բանկոմատի անսարքությունից օգտված չինացին դատապարտվել է ցմահ ազատազրկման


Չինաստանում ցմահ ազատազրկման է դատապարտվել Գուանչժոուի 24-ամյա մի բնակիչ, ով օգտվել էր բանկոմատի անսարքությունից` անձնական հարստացման նպատակով:

Երիտասարդ բանվոր Սյույ Տինը փորձել է բանկոմատի միջոցով իր անձնական հաշվից հանել 100 յուան (մոտ 13 դոլար), սակայն բանկոմատը նրան պահանջված գումարի փոխարեն տվել է հազար յուան: Ուրախացած Տինը, ում հաշվին եղել է ընդամենը մոտ 170 յուան, շարունակել է «գործարքը», ինչի արդյունքում տիրացել է 175 հազար յուանի:

Կատարվածի մասին չինացին տեղեկացրել է իր ընկերոջը, ով նույն ճանապարհով ձեռք է բերել 18 հազար յուան: Վերջինս, սակայն, ի վերջո ամեն ինչ պատմել է ոստիկանությանը եւ դատապարտվել մեկ տարվա ազատազրկման:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության վկայությամբ, Սյույ Տինի նկատմամբ կայացված դատավճիռը վրդովմունք է հարուցել Չինաստանի հասարակական շրջանակներում: Մասնավորապես, ութ հայտնի փաստաբաններ նամակ են հղել Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովին` պահանջելով վերանայել Քրեական օրենսգրքի հնացած դրույթները:

Չինաստանի ներկայիս Քրեական օրենսգրքով բանկոմատների հետ կապված դեպքեր նախատեսված չեն, եւ դատավորները ստիպված են եղել Տինին դատել «ֆինանսական հաստատություններից առանձնապես խոշոր չափերի միջոցներ հափշտակելու» հատկանիշներով, ինչի համար երկրում սահմանված է ցմահ ազատազրկումից մինչեւ մահապատիժ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG