Մատչելիության հղումներ

Վահան Հովհաննիսյանի հետ համաձայնագիր են կնքել արդեն մոտ 70 հազար ՀՀ քաղաքացիներ


Առաջիկա նախագահական ընտրություններում Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) թեկնածու Վահան Հովհաննիսյանի առաջարկած համաձայնագիրը արդեն ստորագրել են մոտ 70 հազար ՀՀ քաղաքացիներ:

Անցած տարեվերջին Վահան Հովհաննիսյանը առաջարկել էր քաղաքացիներին իր հետ համաձայնագիր կնքել, որով պարտավորվում է նախագահ ընտրվելու դեպքում իրականացնել մի շարք խոստումներ, այդ թվում` ապահովել ազատ ընտրություններ, սոցիալական բարեփոխումներ, արդար համակարգ եւ այլն:

Ինչպես երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի խոսնակ Սպարտակ Սեյրանյանը, այդ համաձայնագիրը արդեն ստորագրել է շուրջ 70 հազար քաղաքացի:

Հարցին, թե արդյո՞ք այդ մարդիկ պարտավորվել են աջակցել Վահան Հովհաննիսյանի քարոզարշավին, Սեյրանյանը արձագանքեց. - «Տարբեր: Մարդիկ կան, ովքեր պատրաստ են աջակցել ընդհուպ մինչեւ քվեարկություն: Մարդիկ կան, ովքեր պատրաստ են աջակցել ոչ միայն որպես պասիվ քվեարկող, այլեւ` որպես դիտորդ, պատրաստ են ներգրավվել այլ քարոզչական աշխատանքներում»:

«Միանշանակ չեմ կարող ասել, թե համաձայնագիրը ստորագրած բոլոր մարդիկ կքվեարկեն Վահան Հովհաննիսյանի օգտին, բայց եթե մարդը համաձայնագիր է կնքում կոնկրետ դրույթներից ելնելով, ապա հարց է առաջանում, թե ինչո՞ւ չպիտի քվեարկի այդ թեկնածուի օգտին... Տրամաբանական է, որ նրանց առնվազն 99 տոկոսը պետք է քվեարկեն Վահան Հովհաննիսյանի օգտին», - շարունակեց Սեյրանյանը` հավելելով, թե, իր կարծիքով, Դաշնակցության թեկնածուի առաջարկած համաձայնագիրը ստորագրողների թիվը մինչեւ քվեարկության օրը «կարող է հնգապատկվել եւ ավելին»:

Երեկ կայացել է Վահան Հովհաննիսյանի նախընտրական շտաբի աշխատանքային նիստը, որտեղ քննարկվել եւ սկզբունքային համաձայնության է արժանացել Դաշնակցության թեկնածուի նախընտրական ծրագիրը:

Սպարտակ Սեյրանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ծրագիրը նույն օրը ավելի ուշ հաստատվելու էր Գերագույն մարմնի նիստում: Ծրագիրը, ըստ Սեյրանյանի, բաղկացած կլինի 10-12 էջից:

Ինչ վերաբերում է քարոզարշավի կարգախոսին, ապա Սեյրանյանն ասաց, որ առայժմ քննարկումները շարունակվում են, եւ քննարկվող տարբերակներից է «Մեր հին ընկերը` երկրի նոր նախագահ» կարգախոսը:

Նախագահի 9 թեկնածուներից հունվարի 8-ի դրությամբ հրապարակվել է միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագիրը: Դաշնակցությունը դեռեւս չի քննարկել նախկին նախագահի ծրագիրը, իսկ Սեյրանյանի անձնական կարծիքով`«ծրագրի բովանդակության մեջ շատ խոցելի տեղեր կան»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG