Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Միխեիլ Սահակաշվիլիին


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ուշ երեկոյան շնորհավորել է Միխեիլ Սահակաշվիլիին Վրաստանի նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը:

«Ամբողջ հոգով շնորհավորում եմ Ձեզ նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ: Վստահ եմ, որ Դուք կշարունակեք եղբայրական Վրաստանի կայունությանը, ժողովրդավարական եւ տնտեսական զարգացմանը միտված բարեփոխումները», - ասված է, մասնավորապես, Հայաստանի նախագահի շնորհավորական ուղերձում:

Ռոբերտ Քոչարյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է երկու երկրների միջեւ հարաբերությունների եւ համագործակցության զարգացմանը ուղղված ջանքերի շարունակումը:

«Տարածաշրջանային համագործակցության զարգացումը եւ խաղաղության պահպանումը Հարավային Կովկասում կայունության հիմնական երաշխիքն է», - գրել է Հայաստանի նախագահն իր ուղերձում:

Ռոբերտ Քոչարյանը Միխեիլ Սահակաշվիլիին շնորհավորել է մինչեւ հունվարի 5-ին կայացած արտահերթ նախագահական ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումը: Նախնական տվյալներով, Սահակաշվիլին ստացել է քվեարկությանը մասնակցած Վրաստանի քաղաքացիների ձայների 52 տոկոսը:

Կիրակի օրը օտարերկրյա լրագրողների հետ հանդիպմանը Սահակաշվիլին հայտարարել էր, թե իր պաշտոնավարման տարիներին Վրաստանը «հսկայական առաջընթաց է կատարել եւ բարեփոխումների առումով դարձել օրինակելի երկիր ողջ աշխարհի համար»:

Խոսելով Վրաստանի փոխհարաբերությունների մասին հարեւան Հայաստանի ու Ադրբեջանի հետ, Սահակաշվիլին ասել էր. - «Վրաստանը երբեք այդքան մոտ չի եղել Հայաստանի ու Ադրբեջանի հետ, որքան իմ նախագահության օրոք: Եվ, ես կարծում եմ, այդ կապերը էլ ավելի կամրապնդվեն»:


Կարինե Քալանթարյան, Երեւան եւ Ռուբեն Մելոյան, Թբիլիսի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG