Մատչելիության հղումներ

Բուշը ստորագրեց օրենքը, որով Հայաստանին կհատկացվի 58,5 միլիոն դոլարի օգնություն


ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը այս շաբաթ ստորագրել է 2008 թվականի հատկացումների մասին օրենքը, որով Հայաստանի համար հաստատված է 58,5 միլիոն դոլարի տնտեսական օգնություն: Օրենքում նաեւ պահպանված է Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվելիք ռազմական օգնության հավասարակշռությունը:

Ինչպես ասված է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրությունում, Հայաստանի համար հաստատված օգնության ծավալը 17,5 միլիոն դոլարով պակաս է 2007-ից, սակայն 23,5 միլիոնով գերազանցում է վարչակազմի առաջարկածը:

Հայաստանին եւ Ադրբեջանին 2008 թվականին կհատկացվի 3-ական միլիոն դոլարի ռազմական օգնություն, մինչդեռ Բուշի վարչակազմը առաջարկում էր խախտել 2001 թվականից ի վեր այդ ոլորտում պահպանվող հավասարակշռությունը` Ադրբեջանի օգտին:

Լեռնային Ղարաբաղին հատկացվելիք օգնության վերաբերյալ օրենքում կոնկրետ թիվ նշված չէ, այլ կոչ է արված Պետքարտուղարությանը` Ղարաբաղի առնչությամբ առաջնորդվել այս տարի ավելի վաղ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված առաջարկություններով:

Ներկայացուցիչների պալատը հունիսի 12-ին ընդունած 2008 թվականի արտաքին օգնության մասին օրինագծում Հայաստանի համար հաստատել էր 68 միլիոն, իսկ Լեռնային Ղարաբաղի համար` 6 միլիոն դոլարի օգնություն: Սենատը, իր հերթին, Հայաստանի համար հաստատել էր 39 միլիոն դոլարի օգնություն, իսկ Ղարաբաղի առնչությամբ միայն ուղղակի օգնություն ցուցաբերելու կոչ էր արել` առանց կոնկրետ գումար նշելու:

Բուշի ստորագրած օրենքով Վրաստանին հաջորդ տարի կհատկացվի 50,5 միլիոն, Ադրբեջանին` 19 միլիոն դոլարի օգնություն:

«Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի ֆինանսավորմանը Միացյալ Նահանգները 2008-ին կտրամադրի 1,5 միլիարդ դոլար, ինչը կրկնակի պակաս է վարչակազմի առաջարկածից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG