Մատչելիության հղումներ

Պատարկացիշվիլին պատրաստ է հանել իր թեկնածությունը


Վրաստանի արտահերթ նախագահական ընտրություններում գրանցված թեկնածու Բադրի Պատարկացիշվիլին երեկ հայտարարեց, թե պատրաստ է հանել իր թեկնածությունը եւ այդ մասին համապատասխան դիմում ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Պատճառները մեծահարուստ թեկնածուն չնշեց, ասելով միայն, թե այդ քայլին է գնում` հետեւելով ընդդիմության կոչերին:

Անսպասելի հայտարարության մասին, մինչդեռ, նոր մանրամասներ են հրապարակել Պատարկացիշվիլիի շտաբի աշխատակիցները: «Ռուսթավի - 2» հեռուստատեսության հաղորդմամբ` նրանք ասել են, թե գործարարը ի սկզբանե քաղաքականությամբ զբաղվելու նպատակ չի ունեցել եւ մասնակցելով նախընտրական պայքարին` ընդամենը փորձել է իր լուման ներդնել Միխեիլ Սահակաշվիլիի վարչակարգը տապալելու գործում:

Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ` Lոնդոնում գտնվող Պատարկացիշվիլին առաջիկա օրերին հանդես է գալու նոր հայտարարությամբ եւ բացահայտելու է, թե ո՞ւմ թեկնածությունն է պաշտպանում առաջիկա ընտրություններում:

Ընդդիմադիր գործիչները ողջունում են Պատարկացիշվիլիի որոշումը: «Նրա թեկնածությունը խոչընդոտում էր ընդդիմադիր դաշտի հաղթանակին», - հայտարարել է Վրաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Lեւան Բերձենիշվիլին:

«Իշխանությունները փորձում էին քարոզարշավի ընթացքում ժողովրդին համոզել, թե ընտրությունը երկուսի միջեւ է` «լավի»` Սահակաշվիլիի, եւ «վատի»` Պատարկացիշվիլիի: Այժմ արդեն նրանք չեն կարողանա շարունակել այդ անհեթեթ քաղաքականությունը: Մենք այժմ հասել ենք մի շրջադարձային կետի, երբ ընդդիմության թեկնածու Lեւան Գաչեչիլաձեն դառնում է Միխեիլ Սահակաշվիլիի միակ իրական այլընտրանքը», - ասել է ընդդիմադիր գործիչը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG