Մատչելիության հղումներ

Սերգո Երիցյան. «Հուսով ենք, որ Իսրայելը շուտով կճանաչի Հայոց ցեղասպանությունը»


Հայաստանի կառավարությունը հուսով է, որ Իսրայելը շուտով կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահի խորհրդական Սերգո Երիցյանը «Ջերուսալեմ փոսթ» թերթին տված հարցազրույցում:

«Հայ եւ իսրայելցի ժողովուրդները միավորված են իրենց կրած տառապանքներով, եւ միայն հրեա ժողովուրդը կարող է լավագույնս հասկանալ մեզ», - ասել է հայաստանցի պաշտոնյան:

«Աշխարհը ճանաչել եւ ընդունել է Հոլոքոսթը որպես պատմական իրադարձություն, եւ աշխարհը այժմ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը», - նշել է Սերգո Երիցյանը` հավելելով. - «Ես հույս ունեմ, որ Իսրայելը նույնպես քայլ առ քայլ կճանաչի այն: Մենք մեծապես հուսով ենք եւ սպասում ենք դրան»:

«Պետք է ազնիվ լինել պատմության նկատմամբ: Այդպես չվարվելը միայն մեծացնում է այդ երեւույթի կրկնվելու հնարավորությունը», - շեշտել է Հայաստանի նախագահի խորհրդականը:

Նա ողջունել եւ «դրական զարգացում» է որակել ԱՄՆ-ում գործող «Ընդդեմ վարկաբեկման միություն» հրեական կազմակերպության վերջերս կայացրած որոշումը` ավանդական դիրքորոշումից հրաժարվելու եւ հայերի կոտորածները «ցեղասպանությանը համարժեք» փաստ ճանաչելու վերաբերյալ:

«Մենք` հայերս, շատ զգայուն կերպով կապված ենք այդ թեմայի հետ, սակայն ես հավատում եմ, որ աշխարհասփյուռ հրեաները կօգնեն մեզ` բժշկելու մեր ցավը», - հայտարարել է Երիցյանը` ամփոփելով. - «Մենք պետք է միասին աշխատենք Հայաստանի եւ աշխարհասփյուռ հրեա ժողովրդի միջեւ փոխադարձ հարգանքի ու համագործակցության ամրապնդման ուղղությամբ: Դա մեր պարտքն է պատմության հանդեպ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG