Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը, «Չենք ներքաշվելու ցածրորակ բանավեճի մեջ» վերնագրի ներքո, հրապարակել է հարցազրույց Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավար, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: «Նոր տարին իմ սիրելի տոներից է», - ասել է Աբրահամյանը: - «Անկեղծորեն հավատում եմ` 2008-ը մեզ համար լինելու է հաղթանակի տարի, մեր թեկնածուի հաղթանակի, մեր խոստումների, ծրագրերի եւ նպատակների իրականացման տարի»:

Նույն թերթը տպագրել է հարցազրույց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի հետ` «Նախագահ դառնալու շանս չունի» վերնագրի ներքո: «Ձայների առումով Սերժ Սարգսյանը բացարձակ շանս չունի նախագահ ընտրվելու, իսկ առավել եւս` ազատ ու արդար ընտրությունների դեպքում նա 9 թեկնածուների թվում կարող է կիսել 7-9-րդ տեղերը», - կարծում է Այվազյանը:

«Ժամանակ-Երեւան» թերթի տեղեկություններով, «իշխանությունն այնքան անհանգստացած է Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման փաստից, որ քննարկում է նաեւ նրան վաղաժամ ընտրապայքարից հանելու հարցը»։ Թերթի պնդմամբ՝ ամենաբարձր մակարդակում քննարկում են նրան չգրանցելու հարցը։ «Դա հնարավոր է անել, եթե Տեր-Պետրոսյանի հայտարարագրում ինչ-որ «կեղծիք» հայտնաբերվի», գրել է թերթն ու հավելել. - «Այժմ իշխանական կաբինետներում խորհում են, թե ինչ չափի աղմուկ կարող է բարձրացնել չգրանցումը եւ որն ավելի հեշտ կմարսվի՝ գլխավոր թեկնածուին չգրանցելո՞ւ, թե ընտրակեղծիքների արդյունքում առաջացած աղմուկը»։ «Անշուշտ, կարեւոր գործոն է նաեւ միջազգային հանրության արձագանքը», - բխեցրել է թերթը։

«Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, պնդելով, որ վերադարձի հայտ ներկայացրած Լեւոն Տեր-Պետրոսյանը ի վիճակի չէ լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները, շեշտադրել է. - «Տեր-Պետրոսյանը ոչ թե նախագահական վերադառնալու խնդիր է լուծում, որովհետեւ դա պարզապես անհնար է, այլ քողարկված ձեւով դարձյալ Ղարաբաղի հարցում իր պարտվողական մոտեցումներն է փորձում առաջ տանել»։ «Պատահական չէ, որ վերջերս համանախագահները նորից ակտիվացել են, «նոր» առաջարկություններ են ներկայացնում, փորձում են մինչեւ ընտրություններ համաձայնեցնել եւ գրավոր ամրագրել կարգավորման հիմնական սկզբունքները», - ասել է Զոհրաբյանն ու ամփոփել. - «Հավանաբար հույս ունեն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀՇ-ի ակտիվացումը հնարավորություն է ստեղծում՝ հայկական կողմի վրա ճնշումներ գործադրելու եւ ինչ-ինչ անընդունելի մոտեցումներ պարտադրելու»։

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը «Առավոտ» թերթի հարցազրուցում պնդել է. - «Ձայների առումով Սերժ Սարգսյանը բացարձակ շանս չունի նախագահ ընտրվելու, իսկ առավել եւս` ազատ ու արդար ընտրությունների դեպքում նա 9 թեկնածուների թվում կարող է կիսել 7-9-րդ տեղերը: Բայց համոզված եմ, որ եթե ինքն ու իր շրջապատը իրավիճակը սթափ գնահատեն, Սերժ Սարգսյանը կհանի իր թեկնածությունը»:

Պնդելով, որ նախընտրական շրջանում «չեն ներքաշվելու ցածրորակ բանավեճերի մեջ»` Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավար, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտադրել է. - «Ընդհանրապես, թիմային աշխատանքում իսկապես շատ կարեւոր է, որ թիմի յուրաքանչյուր անդամ անկեղծորեն հավատում է մեր թեկնածուի հաղթանակին եւ վստահ է, որ այն Հայաստանին, որին մենք ձգտում ենք, կարող ենք հասնել միայն Սերժ Սարգսյանի հաղթանակով»։

«Որովհետեւ այդ հաղթանակը ոչ միայն եւ ոչ այնքան մեր թեկնածուի, որքան Հայաստանի ապագայի հաղթանակն է», - հավելել է Աբրահամյանը։

Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով դատապարտված «Հայրենիք ու պատիվ» կուսակցության քաղխորհրդի անդամ Վարդան Մալխասյանը «Հայկական ժամանակ» թերթի հարցազրույցում, բնութագրելով Հայաստանի քաղաքական դաշտի իրողությունները, շեշտադրել է. - «Արդեն մի քանի տարի է մեր երկրում քաղաքական դաշտ գոյություն չունի։ Գաղափարախոսությունների շուրջ համախմբվելն անիմաստ է, իսկ ծրագրերի առումով հնարավոր է», - պնդել է Մալխասյանն ու կոնկրետացրել. - «Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է՝ սահմանադրական կարգի վերականգնում։ Սա արդեն ծրագիր է, որի շուրջ արդեն համախմբում է տեղի ունենում։ Իսկ այն, որ դաշտը բաժանվել է սեւի եւ սպիտակի, դրան չպետք է բացասական երանգ տալ, քանզի սպիտակը ժողովրդական շարժման միասնական ճակատն է՝ Լեւոնի գլխավորությամբ»։

«Եթե Լեւոնը չվերադառնար ակտիվ քաղաքականություն, չէր ձեւավորվի միասնական ճակատ եւ հերթական անգամ ընդդիմությունը տանուլ կտար», - եզրափակել է Մալխասյանը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG