Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը, արձագանքելով «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի դիտարկմանը, թե իշխանությունը դուրս է եկել ոչ թե ընտրությունների, այլ` կենաց-մահու պայքարի, հասցեագրել է. - «Ցավոք, այդ դիտարկումը ճիշտ է նաեւ ընդդիմության մասով»: «Գուցե ժամանա՞կն է փոխել մեր քաղաքական վերնախավի մտածելակերպը», - հարցրել է խմբագիրն ու բխեցրել. - «Պարզապես, մոտակա մեկուկես ամսում թեկնածուները մրցելու են, թե ո՞վ երկրի զարգացման ավելի արդյունավետ ծրագիր կառաջարկի: Այդ դեպքում կառաջանա նաեւ գիտակցություն, որ, օրինակ, եթե քաղաքացին ուզում է իր ձայնը տալ Սերժ Սարգսյանին, դա չի նշանակում, որ նա խրոնիկ թալանչի է կամ կաշառվել է իշխանության կողմից: Կամ եթե ես ձայնս տալու եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին, դրանից չի կարելի հետեւություն անել, որ ես ուզում եմ ապակայունացնել իրավիճակը, քաղաքացիական բախումներ հրահրել կամ «գունավոր հեղափոխություն» կազմակերպել»:

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հարցազրույցում մեկնաբանելով այն տեսակետը, թե ընտրապայքարն ընթանալու է իշխանական թեկնածուի եւ նախկին նախագահի միջեւ, ասել է. - «Առաջին նախագահն ունի լուրջ քաղաքական փորձ: Սակայն այդ արծարծվող միտքը հակասում է սոցիոլոգիական պատկերին: Զարմանալի է, երբ ասում են, որ առաջին թեկնածուն մրցակցության մեջ է մտնելու, ասենք, 5-րդի հետ»: Ըստ Պողոսյանի, երկրորդ փուլում իշխանական թեկնածուի հետ մրցելու է ընդդիմադիր թեկնածու: Դաշնակցության թեկնածուի ներկայությունն այնտեղ Գեւորգ Պողոսյանը բացառում է. ըստ նրա, Վահան Հովհաննիսյանն ընդդիմադիր դաշտում «բավական զիջող է»:

«Չորրորդ իշխանություն» թերթի մեկնաբանը, հերքելով շրջանառվող լուրերը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը համաձայնեցված է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ, փորձել է կանխատեսել, թե ի՞նչ տեղի կունենար, եթե Տեր-Պետրոսյանն իսկապես գաղտնի համագործակցեր իշխանությունների հետ. - «Տեղի կունենար հետեւյալը: Իշխանական քարոզչամիջոցները խորին հարգանքով կխոսեին Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահի մասին, ներքաղաքական պայքարը կընթանար բացառիկ կոռեկտության պայմաններում, Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ, բնականաբար, կխոսեր ոչ թե ավազակապետությունը կազմաքանդելու, այլ ընդամենը աշխարհաքաղաքական ինչ-ինչ վեկտորներ շտկելու մասին: «Մի խոսքով` իրար «ջան կասեին, ջան կլսեին», - պատկերել է մեկնաբանն ու ամփոփել. - «Մի խոսքով` բոլորը գոհ ու երջանիկ կլինեին»:

Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը, «Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում արձանագրելով նախընտրական բանավեճի իրողությունները, նկատել է. - «Անկախ Հայաստանի պատմության մեջ բացառիկ պատասխանատու դերակատարություն ունեցող մարդկանց մի մասը այսօր ներգրավված է քաղաքական գործընթացներում, եւ անթույլատրելի է, որ նրանց փորձում են պախարակել, պիտակավորել վերջին խոսքերով՝ անվանելով ական, դրածո, դեւ, մոլագար եւ այլն»։ «Ստացվում է, որ նպատակին հասնելու ցանկացած միջոց արդարացված է, եւ նպատակն էլ ոչ թե օրինական կամ ցանկացած ձեւով հաղթանակ արձանագրելն է, որքան իրավիճակը սրելը, առավելագույնս խճճելը եւ պղտոր ջրում ձուկ որսալը», - ընդգծել է ՔԴՄ-ի առաջնորդը։

«Հայք» պարբերականը «Քեֆ, ուրախություն» վերնագրի ներքո փոխանցել է. - «Հանրապետական կուսակցությունը նախօրեին Ավանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում Նոր տարվա ընդունելություն է կազմակերպել՝ համայնքի դպրոցների եւ բյուջետային այլ հիմնարկների աշխատակիցների համար»։ Ըստ թերթի, մոտ 600 մասնակիցներին շնորհավորելու է եկել նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանը՝ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանի, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի, քաղաքի ոստիկանապետ Ներսես Նազարյանի, Գագիկ Ծառուկյանի եւ Գալուստ Սահակյանի ուղեկցությամբ։ «Ներկաներին ապացուցելու համար, թե իր տրամադրությունը շատ բարձր է, Սերժ Սարգսյանը նույնիսկ պարել է», - հավելել է «Հայք»-ը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG