Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ»-ը փոխանցում է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի մեկնաբանությունը` շաբաթ օրը Լեւոն Տեր Պետրոսյանի կատարած հայտարարության առնչությամբ, որում առաջին նախագահը, փաստորեն, նաեւ Գեղամյանին էր «դրածո» անվանել: «Լեւոնի հոգեվիճակը հասկանում եմ եւ իրեն ոչնչով օգնել չեմ կարող», - ասել է Արտաշես Գեղամյանը եւ շարունակել. - «Կարծում եմ, որ նա դեռ մտորելու ժամանակ ունի: Եվ մտորելու արդյունքը այն կլինի, որ կհասկանա իր բացարձակ ավելորդ լինելը Հայաստանի քաղաքական դաշտում: Եվ կարծում եմ, որ նա իր թեկնածությունը կհանի, մինչեւ ընտրությունները ինքնաբացարկ կհայտարարի»:

«Հայկական ժամանակ»-ի աղբյուրների փոխանցմամբ` Լեռնային Ղարաբաղի նորանշանակ վարչապետ Արա Հարությունյանը մոտ ժամանակներս ազատվելու է զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվելու է ֆինանսների նախարար, իսկ վարչապետի պաշտոնը կզբաղեցնի Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավար, Ազգային անվտանգության ծառայության գնդապետ Մարատ Մուսայելյանը: «Որոշ լուրերի համաձայն, սա նախատեսված փոփոխություն է, եւ նախապես հայտնի էր, որ Մուսայելյանին Երեւանից Լեռնային Ղարաբաղ են հրավիրել` հենց վարչապետի պաշտոնը ստանձնելու համար», - գրում է թերթը` չբացառելով, որ «այս ամենում խառն է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի մատը, եւ որ նախագահական ընտրությունների շեմին վերջինս ուզում է Լեռնային Ղարաբաղի բոլոր պատասխանտու պաշտոններում վերահսկելի մարդիկ ունենալ»:

Նույն թերթի հարցազրույցում նախագահի մեկ այլ թեկնածու՝ Ժողովրդական կուսակության նախագահ Տիգրան Կարապետյանը իր հասցեին նախկին նախագահի հնչեցրած նույնաբնույթ մեղադրանքին ի պատասխան, արձագանքել է.- «Լեւոն Տեր-Պետրոսյանը անհեթեթ ու անպատասխանտու հայտարարություն է անում։ Ինքը պարզապես շատ էր ուզում, որ ընդդիմադիր բոլոր ուժերն իր շուրջը համախմբվեն։ Բայց, քանի որ դա տեղի չունեցավ, ինքը միասնական թեկնածու չդարձավ, հիմա նեղացածի կարգավիճակում է... Եթե ասում է, որ մենք առաջադրվելով՝ ցրում ենք ընդդիմության ձայները, ապա թող չմտահոգվի եւ ընդդիմության անունից չխոսի, քանի որ ինքը ընդդիմություն չէ։ Ինքը իշխանություն է եղել՝ նախկին իշխանություն է, եւ թող այդ ճամբարից խոսի»։

Իր հերթին «Առավոտ»-ի նամակագիրը թերթին հղված գրությամբ հակադարձելով Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած մտքին, թե բացառությամբ ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի թեկնածուների, մնացածները «շինծու եւ դրածո» թեկնածուներ են, մասնավորապես, որակել է. - «Եթե ՀՅԴ-ի պարագայում ռեւերանսը Դաշնակցության հանդեպ ունեցած բնազդային վախի հետեւանք է, ապա ՕԵԿ-ի դեպքում հաշվարկը շատ ավելի խորամանկ է. քնարերգելով Արթուր Բաղդասարյանին, նախկին նախագահն ակնկալում է ՕԵԿ-ի առաջնորդի ընտրազանգվածի համակրանքը՝ առաջնորդվելով ձայներ փախցնելու պարզունակ մտադրությամբ»։

«Քաղաքական արձակուրդ» վերնագրի տակ «Ժամանակ-Երեւան» թերթը գրել է, թե «օրերս աշխատանքից ազատվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ղեկավար Գերասիմ Գեւորգյանը։ Ըստ թերթի աղբյուրների՝ պատճառը զուտ քաղաքական է. Գեւորգյանը համարվում է Լեւոն Տեր-Պետրոսյաին քաղաքական համակիրներից։ Նա նաեւ Կալանավայրերի նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի բարեկամն է. - «Գերասիմ Գեւորգյանը իր շրջապատում հայտարարել է, որ ինքը ոչ թե ազատվել է աշխատանքից, այլ երկամսյա արձակուրդ է գնացել։ Արձակուրդի նման ժամկետը համընկնում է նախագահական ընտրությունների հետ, որից հետո, Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակի դեպքում հետո ինքը կվերադառնա համակարգ»։ Թերթը տեղեկացրել է, որ նրա փոխարեն Կոշում արդեն նոր պետ է նշանակվել՝ Տիգրան Նավասարդյանը։ «Ի դեպ,«Կոշ» քրեակատարողական հիմարկը», - հավելել է թերթը, - «այս համակարգում ամենամեծն է, եւ սրա պետը, որպես կանոն, կարեւոր դեր է խաղում ընտրությունների փուլում դատապարտյալների եւ նրանց հարազատների վրա աշխատելու առումով»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG