Մատչելիության հղումներ

Մեթյու Բրայզա. «Առաջարկներում կան որոշ նոր տարրեր»


Մադրիդում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին ներկայացված Ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ գրավոր առաջարկներում Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի միջնորդները ներառել են նոր տարրեր, որոնց մանրամասները չեն հրապարակվում` բանակցությունների գաղտնիության պատճառով:

«Այդ առաջարկներում կան որոշ նոր տարրեր, սակայն ես չէի կամենա մեկնաբանել դրանք` քանի դեռ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հնարավորություն ունեն ամբողջությամբ ուսումնասիրել դրանք եւ իրենց տեսակետը քննարկել մեզ հետ», - ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված գրավոր հարցազրույցում:

10 սկզբունքներից բաղկացած գրավոր առաջարկները ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հակամարտող կողմերին փոխանցել էին նոյեմբերի վերջին Մադրիդում: Հանձնելով այդ առաջարկները Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին` միջնորդները հայտարարել էին, թե մտավախություն ունեն, որ երկու երկրներում սպասվող նախագահական ընտրություններից հետո նոր ղեկավարները կարող են հրաժարվել կողմերի միջեւ արդեն ձեռքբերված պայմանավորվածություններից:

Միջնորդները, ըստ Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզայի, դեռեւս Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներից պաշտոնական պատասխան չեն ստացել առաջարկված «հիմնարար դրույթների վերաբերյալ»:

«Մենք դրական զարգացում ենք համարում այն հանգամանքը, որ երկու կողմերն էլ լրջորեն ուսումնասիրում են փաստաթուղթը եւ բանավոր ջենթլմենական համաձայնություն են տվել մինչեւ հայաստանյան նախագահական ընտրությունները դրանք ընդունելու հնարավորության վերաբերյալ», - ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի միջնորդ Մեթյու Բրայզան:


Հեղինա Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG