Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Մեր պայքարը ազնիվ է լինելու»


«Առաջիկա նախագահական ընտրություններում քաղաքական պայքարն ընթանալու է իմ եւ Սերժ Սարգսյանի միջեւ», - իրեն աջակցող ուժերի հանրապետական կոնգրեսում շաբաթ օրը հայտարարեց Հայաստանի առաջին նախագահ եւ նախագահության թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա կարծիքով, վարչախմբին հակադրվող բեւեռի ստեղծումը պետք է համարել ընտրական գործընթացի այս փուլի ամենանշանակալից արդյունքը:

«Ոչ մի այլ թեկնածուի շուրջ այսքան բազմաքանակ եւ այսքան ազդեցիկ ուժեր չեն համախմբվել, ինչը թույլ է տալիս խոսել եթե ոչ այնքան ընդդիմության միասնական թեկնածուի, ապա առնվազն վարչախմբին հակադիր հստակ բեւեռի ձեւավորման մասին», - ասաց Տեր-Պետրոսյանը:

Հակադրվող բեւեռը, ըստ առաջին նախագահի, իրեն սատարող ուժերն են` 17 քաղաքական կուսակցություններ, մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ: Իրեն սատարող ուժերի կորիզը Տեր-Պետրոսյանը համարեց Հայաստանի ժողովրդական, «Հանրապետություն», Հայոց համազգային շարժում կուսակցությունները:

«Համակարգի վերարտադրությունը նշանակում է եւս տասը տարվա ստրկություն, թշվառություն եւ ազգային նվաստացում: Մեր իշխանությունները ավելի անհաղթահարելի չեն, քան Խորհրդային Միության իշխանությունները: Եթե մենք կարողացանք հաղթել Գորբաչովին, ապա ի՞նչն է մեզ խանգարում հաղթել Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին», - ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

«Նկատի ունենալով այն ակնհայտ իրողությունը, որ Հայաստանի ներկա իշխանությունները սեփական ժողովրդին վերաբերվում են օտարի պես` ոտնահարելով նրա բոլոր սրբություններն ու արժանապատվությունը, այդպիսի իշխանությունների դեմ մղված պայքարը նույնպես ազգային ազատագրական պայքարի բնույթ է ստանում», - հայտարարեց նա:

Ըստ Տեր-Պետրոսյանի, վարչախումբը պայքարի ընդհատակյա ռեսուրսներ է որդեգրել` հիմնվելով գլխավորապես վարչական, ֆինանսական, տեղեկատվական, ռեպրեսիվ ու քրեական ռեսուրսների վրա:

Օրինակ, ընտրակաշառքը, նրա կարծիքով, դառնալու է առաջիկա նախագահական ընտրություններում հաջողության հասնելու հիմնական միջոցը. - «Այնքան ակնհայտ է իշխանությունը պահելու մոլուցքը, որ վարչախումբը պատրաստ է այդ նպատակին հատկացնել թեկուզ կես միլիարդ դոլար: Ընտրակաշառքի համար նախատեսված գումարի առյուծի բաժինը, սակայն, ինչպես միշտ, հասնելու է ոչ թե բուն քվեարկողին, այլ միջին օղակների պետական պաշտոնյաներին, տեղական ինքնակառավարման մարմինների, ոստիկանության, անվտանգության, հարկային ծառայությունների ղեկավարներին, ընտրական հանձնաժողովների նախագահներին, ինչպես նաեւ թաղային հեղինակություններին եւ քրեական տարրերին»:

Իրավապահները իշխանությունների ծրագրում, առաջին նախագահի խոսքերով, իրենց առաքելությունն ունեն` իրեն սատարողներին ռեպրեսիայի ենթարկելը, քրեական տարրերն էլ` իրենցը: Տեր-Պետրոսյանի պնդմամբ` այս օրերին իշխանությունները բանտերից վաղաժամկետ ազատել են բազմաթիվ դատապարտյալների, ովքեր պետք է ընտրություններում կատարած ծառայություններով «հատուցեն այդ շնորհը»: Մասնավորապես, նա հայտարարեց, թե կրիմինալ տարրերին է հանձնարարված ընդդիմության դեմ ուղղված տարաբնույթ բռնարարքներ, սադրանքներ հրահրելու գործը:

Ընդդիմության շարքերը ջլատելու համար, Լեոն Տեր-Պետրոսյանի կարծիքով, իշխանությունը դիմել է նաեւ շինծու թեկնածուների օգնությանը:

«Դրածո թեկնածուների շարքում ես ամենեւին նկատի չունեմ Հայ հեղափոխական դաշնակցության եւ «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչներին, որոնք, ունենալով իրենց կայուն ընտրազանգվածը, պայքարի են ելել հստակ գաղափարական նպատակներով», - ընդգծեց առաջին նախագահը` հավելելով. - «Խոսքը վերաբերում է որոշ տխրահռչակ անձնավորությունների, ովքեր նույնպիսի չարաբաստիկ դերակատարություն են ունեցել, մասնավորապես, 1998 եւ 2003 թվականների ընտրություններում, ակնհայտորեն գործելով հաղթող թեկնածուներ Կարեն եւ Ստեփան Դեմիրճյանների դեմ եւ վերջին հաշվով` նպաստելով Հայաստանի ներկա հանցավոր վարչախմբի կայացմանն ու ամրապնդմանը»:

Ըստ Տեր-Պետրոսյանի, հասարակությունը նաեւ ապատեղեկացվում է, մասնավորապես` տարաբնույթ սոցիոլոգիական հարցումներով. - «Սերժ Սարգսյանին իբր պատրաստ է ձայն տալու հարցվածների շուրջ 30 տոկոսը, իսկ ինձ՝ ընդամենը 2 թե 6 տոկոսը: Մի՞թե պարզ չէ, որ հրապարակված վարկանիշների իսկության պարագայում նման ջղաձգությունների կարիք չպետք է զգացվեր, եւ Սերժ Սարգսյանը ընտրությունների պիտի գնար դհոլզուռնայի ու փողային նվագախմբի ուղեկցությամբ»:

Նա խոստացավ, որ իրենց պայքարը ազնիվ է լինելու. առաջիկայում` մինչեւ տարվա ավարտը պետք է կարողանան տարածքային գրասենյակները ավելացնել, իսկ հաջորդ տարի արդեն մարզային հանրահավաքներ կլինեն, ավտոերթեր, ակումբային հանդիպումներ: Նախագահի թեկնածուն իր ընտրարշավը կեզրափակի մայրաքաղաքի Ազատության հրապարակում կազմակերպվելիք երկու զանգվածային հանրահավաքներով:

Կոնգրեսում ելույթ ունեցան Տեր-Պետրոսյանին սատարող քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ եւս մեկ անգամ բացատրեցին, թե ինչու են առաջին նախագահի կողքին:

Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, մասնավորապես, ասաց. - «Վարչախումբը կարծես թե գերխնդիր է դարձրել բարոյազրկել հասարակությունը, եւ այստեղ զարմանալի որեւէ բան չկա, որովհետեւ նման վարչախումբը կարող է գոյատեւել միայն բարոյալքված հասարակության պայմաններում»:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հաշվարկներով` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այնքան են հարստացել, որ նրանց հաղթանակի դեպքում ոչ թե իրենք են ծառայելու այս պետությանը, այլ պետությունն է իրենց ծառայելու:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, իր հերթին, հայտարարեց. - «Իշխող զույգի համար իշխանությունը պահելը կենաց ու մահու խնդիր է, ու դա է պատճառը, որ իրենք ելել են կռվի, ոչ թե ընտրության, կռվի` Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ: Մենք պարտավոր ենք հաղթել` հանուն Ղարաբաղի հարցի արժանապատիվ լուծման, մենք պարտավոր ենք հաղթել` հանուն արդարության, հանուն «Հոկտեմբերի 27»-ի գործի լիարժեք բացահայտման, եւ մենք հաղթելու ենք»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG