Մատչելիության հղումներ

Ժորժ Կոլոմբիեն հրապարակեց իր զեկույցը Հայաստանի նախընտրական իրավիճակի մասին


Եվրոպայի խորհրդի ինտերնետային կայքէջում այսօր հրապարակվել է ֆրանսիացի Ջորջ Կոլոմբիեի զեկույցը Հայաստանի նախընտրական իրավիճակի մասին: Կոլոմբիեն Հայաստան էր այցելել դեկտեմբերի 3֊-5-ին:

Զեկույցում նշված է, որ Հայաստանում իրականացվել են որոշ օրենսդրական բարեփոխումներ, մասնավորապես` բարելավվել է Ընտրական օրենսգիրքը:

«Այդուհանդերձ, Երեւանի մամուլի ակումբի ուսումնասիրության համաձայն, ներկայումս ամենից հաճախակի լուսաբանվում է վարչապետը, ինչն ավելացնում է նրա հնարավորությունները որպես նախագահության թեկնածու, եւ շատ բացասական է լուսաբանվում Լեւոն Տեր֊-Պետրոսյանը: Ես պնդեցի, որ ապահովվի Հանրային հեռուստատեսության ավելի հավասարակշռված մատչելիություն բոլոր 9 թեկնածուների համար, առնվազն դեկտեմբերի 7-֊ից սկսած, երբ նրանք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին են ներկայացրել իրենց փաստաթղթերը»,֊ - նշում է Կոլոմբիեն:

«Մտահոգության առարկա է նաեւ ճնշման վարչական միջոցների օգտագործումը ընդդիմադիր թեկնածուների կողմնակիցների դեմ, ինչպես նաեւ ոստիկանության կողմից նրանց ահաբեկումը եւ որոշ դեպքերում կիրառվող բռնությունը՝ ինչպես եղավ հոկտեմբերի 23֊ին, երբ պարոն Տեր֊-Պետրոսյանի աջակիցները, որոնք հաջորդ հանրահավաքի մասին թռուցիկներ էին տարածում, ծեծի ենթարկվեցին ոստիկանության կողմից»,֊ - փաստել է զեկույցի հեղինակը:

«Ավելին, ոստիկանության բռնությունները, կարծես թե, ահագնացել են տարվա ընթացքում, ինչն արձանագրել են Մարդու իրավունքների պաշտպանը եւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը»,֊ - գրում է Կոլոմբիեն:

«Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ոչ կառավարական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնց հետ մենք հանդիպել ենք, բոլորն ասում էին, որ մարդու իրավունքների պաշտպանության վիճակը երկրում 2007 թվականին վատթարացել է»,֊ - եզրափակում է զեկույցի հեղինակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG