Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայք»-ը տեղեկացնում է, որ Տնտեսական դատարանի Գյումրիի նստավայրի դատավոր Էդիկ Նահապետյանը երեկ վարույթ է ընդունել ԳԱԼԱ հեռուստաընկերության հակընդդեմ հայցը հարկային պետական ծառայության դեմ:

«Ընդհանրապես քաղաքական տարածությունում Տեր-Պետրոսյանի վերստին հայտնվելը գոնե ինչ-որ իմաստ հաղորդեց ընտրական գործընթացին եւ, եթե կուզեք իմանալ, փրկեց ընդդիմությանը՝ որպես այդպիսին», - գրել է այսօր «Հայոց Աշխարհ» թերթի գլխավոր խմբագիրն ու փաստարկել. - «Եթե նախկին նախագահը ինչ-ինչ պատճառներով հրաժարվեր դա անել, ապա ընդդիմության թեկնածուների մասնակցությունն ընտրություններին ավելի շատ կհիշեցներ փչովի կանանց մրցույթ»։ «Բոլորը նույն դեմքն ունեն՝ բազմաչարչար հայրենիքի փրկության նույն ծրագիրը, եւ կյանքի ոչ մի նշան չեն ցուցաբերում», - պատկերել է խմբագիրն ու հավելել. - «Իսկ կենդանի կերպարի ի հայտ գալը, այնուամենայնիվ, ինչ-որ իմաստավորություն հաղորդեց գործընթացին։ Եվ, մյուս կողմից՝ միայն ընդգծեց ընտրությանը մասնակցող մյուս ընդիմադիր կերպարների խամրածությունն ու աննշմարությունը»։

Պնդելով, որ բանավեճի բացակայության առումով «այսօրվա Հայաստանի ներքաղաքական իրավիճակը գրեթե չի տարբերվում 1997 թվականի իրավիճակից», «Չորրորդ իշխանություն» թերթը զուգահեռել է. - «Նույնը տեղի է ունենում նաեւ այսօր՝ 10 տարի անց։ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեծ քաղաքականություն վերադառնալու հայտ է ներկայացրել եւ դարձյալ հասարակությանն ու քաղաքական ուժերին առաջարկում է լրջորեն քննարկել Հայաստանի ապագայի հետ կապված կարեւորագույն խնդիրները։ Արդյունքում դարձյալ բանավեճ չկա։ Համատարած վայնասուն է։ Ընդ որում՝ վայնասունն ուղղված է բացառապես Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ»։ «Փաստորեն», - բխեցրել է թերթը, - «Տեր-Պետրոսյանի կոչը՝ մտածել Հայաստանի ապագայի մասին, այս անգամ եւս անպատասխան է մնում։ Բան այնտեղ է հասել, որ մտածելը դավաճանության պես բան է դարձել»։

Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ նախագահության ընդդիմադիր թեկնածուների հետ բանավեճի մեջ չմտնելու խոստմանը, «Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանը արձանագրել է. - «Այո՛, նախկին նախագահը պահում է իր խոստումը՝ անձամբ ինչպես ինքն ասաց, չբանավիճելով նրանց հետ։ Թե ինչ մեթոդներ է կիրառում նա խոստումը պահելու անվան տակ, նույնպես գաղտնիք չէ՝ քարկոծել կամ դատափետել ոչ սեփական բերանով, այլ թիմակիցների կամ սպասարկու մամուլի միջոցով: Եթե նույնիսկ աչք փակենք այս տղայական մարտավարության վրա, միեւնույն է, չի լինի աչք փակել սրանից բխող այն հետեւության վրա, որ կա’մ Տեր-Պետրոսյանը սխալ դուրս չգալու համար ծառայեցնում է իր ծառայամիտ թիմակիցներին, կա’մ էլ ի վիճակի չէ կառավարել սեփական թիմը։ Երկու դեպքում էլ նախագահացուին, մեղմ ասած, ոչ վայել հատկանիշներ ենք նկատում»։

«Ժամանակ-Երեւան» թերթն այսօր պնդել է, որ Վազգեն Մանուկյանին վերագրվող փաստաթուղթը, որ հրապարակվել է «Հայկական ժամանակ» թերթում եւ որտեղ խոսքը 1996 թվականին իշխանության հասնելու ճանապարհների եւ միջոցների մասին է, գրել է ոչ թե Վազգեն Մենուկյանը, այլ փիլիսոփա Ռուբեն Անգալադյանը։ «Վերջինս կազմելով հիշյալ փաստաթուղթը՝ այն ներկայացրել է Վազգեն Մանուկյանին որպես առաջարկություն, որի արխիվից էլ հետագայում այն առգրավվել է», - հավելել է թերթը։

«Սոցիոլոգիա իշխանության համար» վերնագրի տակ նույն թերթը շեշտադրել է. - «Իրեն հիմնովին վարկաբեկած սոցիոլոգիական հետազոտություններով հանրությանը թյուրիմացության մեջ գցելու, հոգեբանական ներշնչանքի տարբեր մեթոդներով ցանկալի թեկնածուի օգտին աշխատելու ավանդույթը մեզանում արդեն հիմնավոր արմատներ է գցել»։ «Ստի մեջ ի՞նչ կա, որ չասեն։ Նմա՞ն ստեր են ասվում՝ հանուն փողի եւ իշխանության», - հեգնել է թերթն ու եզրակացրել. - «Միջոցների մեջ խտրություն չդնելը մեր ժամանակների ամենաբնորոշ վարքագիծն է, ինչին հավատարմորեն ծառայում են տարբեր սոցիոլոգներ եւ քաղաքագետներ։ Կեղծիքը կեղծիք, բայց այն պետք է նաեւ գոնե մի քիչ ճշմարտանման լինի»:

«Հայկական ժամանակ»-ը փոխանցել է. - ««Հայաստան» համահայկական հիմնադրամի մարաթոնի ժամանակ հայտարարվեց, թե հավաքվել է մոտ 15 միլիոն դոլարի խոստում։ Արդեն մի քանի շաբաթ է, ինչ տարբեր պետական կառույցներից ահազանգեր ենք ստանում, որ սույն կառույցների աշխատողների աշխատավարձից պահվում է երկու տոկոս՝ պատճառաբանելով, թե դա «Հայաստան» հիմնադրամի մարաթոնի համար է։ Մեզ հայտնի դարձավ, որ, օրինակ, Հանրային Հեւռոստաընկերության աշխատողների աշխատավարձից այդ նպատակով պահվել է ավելի քան 10 տոկոս։ Օրինակ՝ 60 հազար դրամ աշխատավարձի դեպքում պահվել է 7 հազար դրամ։ Եվ սա արվում է առանց թաքցնելու»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG