Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը հարցաշար է առաջադրում նախագահի թեկնածուներին


Նորանկախ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցությունը այսօր ուղարկված նամակով 22 «ճշտորոշող» հարց է առաջադրել 2008-ի ընտրություններում առաջադրված նախագահի թեկնածուներին:

Քանի որ կուսակցությունը ընտրություններում սեփական թեկնածու չունի եւ պետք է որոշում կայացնի առաջադրված 9 թեկնածուներից մեկին պաշտպանելու մասին, վերջիններիս ուղարկած հարցաշարով փորձելու է պատկերացում կազմել երկրի ղեկավարի պաշտոնին հավակնողների դիրքորոշումների եւ բարոյական կերպարի մասին:

«Ժառանգություն»-ը նախագահի թեկնածուներին ուղղում է , օրինակ, հետեւյալ հարցերը. «Որո՞նք են Ձեր հիմնական արժանիքները, ինչպես նաեւ` Ձեր հիմնական թերությունները», «Ձեր կենսագրության մեջ կա՞ն արդյոք այնպիսի փաստեր (զորօրինակ` կոռուպցիա, քրեորեն հետապնդելի այլ արարքներ), որոնք թույլ կտան որեւէ մեկին ազդեցություն ունենալ Ձեր որոշումների վրա: Եթե այո` խնդրում ենք մանրամասնել», «Եթե երբեւէ ընտրությունների մասնակցել եք որպես թեկնածու, Դուք տեղեկություններ ունեցե՞լ եք Ձեր օգտին կատարված ընտրակեղծիքների, ընտրողների կաշառման որեւէ փաստի մասին: Եթե այո` խնդրում ենք մանրամասնել»:

Հարցաշարը ներառում է նաեւ երկրի արտաքին եւ ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր:

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց հետեւյալը. - «Չեմ կարծում, որ դա ընդունելի է... Ի՞նչ է նշանակում` ով ինչ անցյալ ունի: Բոլորս էլ գիտենք, թե ով ինչ անցյալ ունի: Շատ ավելի ճիշտ կլինի, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ սկսի ինքնաքննադատությունից»:

Հայաստանի նախկին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնությունների գրասենյակի ղեկավար, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իրենք «Ժառանգությանն» արդեն ուղարկել են հետեւյալ պաշտոնական պատասխանը. - «ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ինչպես նախընտրական շրջանի հրապարակումներում, այնպես էլ վերջին հանրահավաքների ելույթներում Դուք կգտնեք Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները: Ինչ վերաբերում է այն հարցերին, որ, Ձեր կարծիքով, դեռեւս լիովին չեն պարզաբանվել, ապա վստահ եմ, որ դրանց պատասխանները Դուք կգտնեք ՀՀ առաջին նախագահի առաջիկայում ծրագրված հրապարակումներում եւ ծրագրային ելույթներում»:

«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը «գուցեեւ որոշ հարցերի պատասխանի»:

«Ողջ հանրության անունից հանդես գալ եւ ինչ-որ ստուգարք ներկայացնել նախագահի թեկնածուներին, մի քիչ անհեթեթ եմ համարում», - հավելեց Բիշարյանը:

Հարցաշարին պատասխանելու պատրաստակամություն հայտնեց նախագահի թեկնածու, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը. - «Մենք կպատասխանենք այնքանով, որքանով մենք կցանկանանք պատասխանել»:

Բոլոր 22 հարցերին պատրաստվում է պատասխանել թեկնածուներից «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը:

«Եթե մարդը ազնիվ է եւ խիղճը հանգիստ է, ապա այդ հարցերը նպաստում են իր բարի անունը վերստին հաստատելուն», - հավելեց նա:

Ազգային ժողովրդավարական միության նախագահ եւ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը ասաց, որ դեռ չի հասցրել ծանոթանալ հարցաշարին:

Իր վերաբերմունքը ավելի ուշ կարտահայտի Դաշնակցության թեկնածու Վահան Հովհաննիսյանը, ով, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Սպարտակ Սեյրանյանը, այժմ գտնվում է Հայաստանից դուրս:

Նախագահի թեկնածու Արման Մելիքյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ այդ հարցերի զգալի մասին արդեն անդրադարձել է իր ելույթներում, իսկ մյուսների պատասխանները կհնչեն ապագա ելույթներում:

Եվ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի կարծիքը. - «Ուղղակի չեմ կարծում, որ այդ ֆորմատով պիտի մենք իրար հետ հարաբերվենք»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG