Մատչելիության հղումներ

Կովկաս-Կասպյան հանձնաժողովը Եվրամիությանը տարածաշրջանում ավելի ակտիվ ներգրավվածության կոչ է անում


Համաշխարհային քաղաքական ասպարեզում մեծ հեղինակություն ունեցող գործիչների ընդգրկող Կովկաս-Կասպյան հանձնաժողովը երեկ Լյուբլյանայում զեկույց է հաստատել, որում Եվրամիությանը կոչ է անում ավելի ակտիվորեն ներգրավվել Կովկասում եւ Կասպյան տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման գործում:

Զեկույցը նախազգուշացնում է, որ այդ հակամարտությունները կարող են ընդլայնվել եւ ներգրավել տարածաշրջանային այլ դերակատարների. - «Տարածաշրջանը անկայունության լուրջ աղբյուր է Եվրոպայի համար»:

Հանձնաժողովը կոչ է անում անվտանգության նոր մոտեցման, որը կընդգրկի տարածաշրջանի բոլոր պետությունները եւ շահագրգիռ կողմերը` կանգնեցնելու համար «ռազմականացման դանդաղ, բայց կայուն գործընթացը»:

Զեկույցը ընդգծում է տարածաշրջանի երկրների, ինչպես նաեւ նրանց եւ հարեւան երկրների միջեւ փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտությունը:

Հանձնաժողովը մտահոգություն է հայտնում տարածաշրջանի նկատմամբ Եվրամիության հստակ քաղաքականության բացակայության առնչությամբ եւ ընդգծում է տարածաշրջանի կարեւորությունը` որպես էներգակիրների աղբյուր եւ Կենտրոնական Ասիայից էներգակիրների տարանցման ուղի:

«Համագործակցության ընդլայնումը կարող է առավելագույնի հասցնել Ասիայի եւ Եվրոպայի, Ռուսաստանի եւ Մերձավոր Արեւելքի միջեւ տարածաշրջանի ունեցած աշխարհագրական դիրքի օգուտները», - ասված է զեկույցում:

Կովկաս-Կասպյան հանձնաժողովում, որն ստեղծվել է Եվրամիության նախաձեռնությամբ եւ նպատակ ունի նպաստել տարածաշրջանի ժողովուրդների երկխոսությանը, տնտեսական եւ քաղաքական հիմնախնդիրների կարգավորմանը, ընդգրկված են ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադելին Օլբրայթը, Գերմանիայի նախկին արտգործնախարար 3ոշկա Ֆիշերը, Լիտվայի հետխորհրդային առաջին նախագահ Վիտաուտաս Լանդսբերգիսը, Չեխիայի ներկայիս արտգործնախարար Կարել Շվարցենբերգը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նախագահ Ժան Լեմյերը եւ այլոք:

Հանձնաժողովի նախագահը հունվարի 1-ից Եվրամիության նախագահությունն ստանձնող Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելն է, փոխնախագահները` Հայաստանի պատվիրակ, Ազգային ժողովի նախկին նախագահ, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ տարածաշրջանի հարցերով փորձագետ, թուրք պրոֆեսոր Մուսթաֆա Այդինը:

Հանձնաժողովի անդրանիկ նիստը տեղի է ունեցել այս տարվա հունվարի 23-ին Բրյուսելում, երկրորդը` փետրվարի 5-ին Լյուբլյանայում, եւ երրորդը` նոյեմբերի 12-ին Լոնդոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG