Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Իրավունքի մեկնաբանը «Իսկ ժողովուրդը զանգվածաբար լռում է» վերնագրի ներքո շեշտադրել է. - «Թեկուզ եւ Հայաստանի նախագահական ընտրությունների նախընտրական գործընթացը ժամանակային առումով մոտենում է վճռական փուլին, սակայն կրքերը հանրության մեջ բոլոր դեպքերում չեն հասել իրենց բարձրակետին։ Ակնհայտ է, որ հասարակության մեջ քաղաքական բաղադրիչն արդեն շատ ակտիվ մասնակցում է լուրջ բանավեճերին եւ նախապատրաստում ամենածայրահեղ հակադրության սցենարներ, բայց բնակչությունն իր բացարձակ մեծամասնությամբ զբաղված է առօրյա գոյատեւման խնդիրներով Նոր տարվա նախաշեմին եւ տեղի ունեցող զարգացումներին վերաբերվում է ավանդական թերահավատությամբ՝ որեւէ կերպ ցանկություն չունենալով մասնակից դառնալ սկսված խաղին՝ նույնիսկ ստատիստի դերում»։

«Առավոտ»-ի հետ զրույցում Լեւոն Տեր-Պետրոսյանի դեկտեմբերի 8-ի ելույթի` խորհրդային ժամանակաշրջանին վերաբերող մասի առիթով Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը ասել է. - «Երկիրը, որ ձեթի ճրագից հասավ ատոմակայանի, 85 տոկոս անգրագիտությունից հասավ մինչեւ Գիտությունների ակադեմիա, ձիակառքից հասավ մինչեւ խոշոր ավիացիա... Ես հասկանում եմ՝ համակարգի փոփոխություն էր տեղի ունենում, ճշգրտումներ պիտի մտցվեին, բայց ամբողջ երկիրը խնդրում էր, որ իրենց կոշիկ, լատեքս ու նաիրիտ տանք: Ռիժկովը հեռագրով խնդրում էր, որ «Նաիրիտ»-ը չփակեն. իրենք փակեցին: Փակեցին Ալավերդին՝ ամբողջ պղնձարդյունաբերությունը եւ այլն»: «Խորհրդային տնտեսության մասին այդ տիպի գնահատականները հաստատում են իր ասածը, որ ինքը տնտեսությունից ոչինչ չի հասկանում», - հավելել է կոմկուսի առաջնորդը։

«Չորրորդ իշխանություն»-ը, համոզմունք հայտնելով, որ թերթի խմբագրատան դուռը պայթեցնելու` երեկվա «ակցիայի» նպատակը թերթի աշխատակիցներին վախեցնելն էր, հեգնանքով հավելում է. - «Վախեցա՞ն արդյոք թերթի աշխատակիցները: Այո, ահավոր վախեցան: Սրանից հետո ահավոր վախենալով են տպելու ՀՀ նախագահի «ամենահավանական թեկնածու» Սերժիկ Ազատիչի լուսանկարները: Եվ ընդհանրապես, սրանից հետո թերթի գործունեության հիմնական խթանը լինելու է վախը: Այնքան, որ հետայսու բոլոր հրապարակումները լինելու են բացառապես վախի մասին: Իսկ եթե ավելի լուրջ, ապա հարց է ծագում, ո՞ր ախմախի մտքով է անցել ահաբեկչություն իրականացնել «Չորրորդ իշխանություն» թերթի դեմ, եւ ի՞նչ կոնկրետ նպատակ է հետապնդել այդ «գործառույթը»։

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Հայաստանի նախագահ դառնալու իր փափագն իրականություն դարձնելու համար` ՀՀ գործող վարչապետ Սերժ Սարգսյանը բավական հեռու է գնացել: Նա, ո'չ այս կողմ, ո'չ այնկողմ, սկսել է բացեիբաց միջազգային հանրության հետ սակարկություններ անել` նժարի վրա դնելով Լեռնային Ղարաբաղի հարցը»: Թերթը եզրակացրել է. - «Ընդհանրապես, այն փաստը, որ Սերժ Սարգսյանը մամուլում նման հայտարարություններ է արել, բավական խոսուն է։ Դա նշանակում է, որ ՀՀ նախագահի ընտրություններում եվրոպական հանրության համար ընդունելի թեկնածու լինելու՝ Սերժ Սարգսյանի բոլոր հույսերը սպառվել են։ Եվ «նախագահացու վարչապետը», քաջ գիտակցելով, որ եվրոպական կառույցներն ու երկրները քիչ թե շատ շահագրգռված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ, բացեիբաց իր ծառայություններն է առաջարկում այս հարցում»։

«Տարեգիր»-ը փոխանցել է, որ Սյունիքի մարզում Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը ղեկավարելու է ոչ թե մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, այլ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Ըստ թերթի տեղեկությունների, «այս որոշումը կապված է Սուրիկ Խաչատրյանի եւ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի միջեւ առկա տարաձայնությունների հետ, որոնք ծագել են դեռեւս Ազգային ժողովի ընտրություններից առաջ»: «Բանն այն է, որ Սուրիկ Խաչատրյանը եւս ցանկություն ուներ առաջադրվել ԱԺ պատգամավորի թեկնածու, եւ Ալեքսանդր Սարգսյանը, փաստորեն, փակել է նրա ճանապարհը։ Վերջինս մի առիթով սյունեցիներին ասել է, թե ինքը գուցե վատ պատգամավոր լինի, բայց խոստանում է սյունեցիներին ազատել Սուրիկ Խաչատրյանից», - մանրամասնել է թերթը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG