Մատչելիության հղումներ

Վահան Հովհաննիսյան. «Երրորդ բեւեռն արդեն ստեղծված է»


«Երրորդ բեւեռն արդեն ստեղծված է», - Հայաստանի նախագահի` Դաշնակցության առաջադրած թեկնածու Վահան Հովհաննիսյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես պատասխանեց ընտրություններում երրորդ բեւեռի ստեղծման անհավանականությանը վերաբերող հարցին:

«Ցավալի է, եթե երկու թշնամական բեւեռով է Հայաստանը մտնում քաղաքական ընտրության մեջ», - ասաց Վահան Հովհաննիսյանը: - «Իսկ եթե երեք ուժի կենտրոն է` ապա սա բոլորովին այլ պատկեր է: Այստեղ է, որ կերեւա ռեալ ուժը»:

«Մենք գույքագրել ենք մեր հնարավորությունները, ոչ միայն մեր, եւ ես կարծում եմ, որ մեր շանսերը ավելի քան ռեալ են», - վստահեցրեց նա:

Այն հարցին, թե ընտրություններում իր պարտվելու դեպքում Դաշնակցությունը պատրա՞ստ է շարունակել համագործակցությունը Հանրապետականի հետ, Վահան Հովհաննիսյանը արձագանքեց. - «Ինչպե՞ս կարող ես չհամագործակցել քաղաքական ուժի հետ, որը Ազգային ժողովում մեծամասնություն է կազմում»:

Նա չի կիսում այն տպավորությունը, թե «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ խորհրդակցություն-բանակցություններ իրենք այլեւս չեն վարում. - «Դրանք ավարտված չեն, դրանք շարունակվում են եւ բավականին խորը փուլում են»:

«Ինքներս ամեն ինչ անելու ենք, որպեսզի պայքարը լինի քաղաքական ասպարեզում, այլ ոչ թե անհատների մեջ` իշխանության համար», - վստահեցրեց դաշնակցական գործիչը` հավելելով. - «Բայց մենք, իհարկե, չենք կարող պարտադրել այս մոտեցումը մնացած թեկնածուներին»:

Իսկ հարցին` հնարավոր համարո՞ւմ է արդյոք, որ Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրից Ռուսաստանի դուրս գալուն հետեւի նաեւ Հայաստանը, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. - «Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե մեր անմիջական հարեւանները վերանայումներ նախատեսեն այս պայմանագրի մեջ: Այլապես, չեմ կարծում, որ Հայաստանին որեւէ շոշափելի օգուտ կբերի այս պայմանագրի վերանայումը` առնվազն տվյալ պահին: Մանավանդ որ Ադրբեջանը, որը նույնպես, կարծես թե, այս պայմանագրի մասնակից է, շատ էլ իրեն չի սահմանափակում զենք-զինամթերք գնելիս, սպառազինություններ կուտակելիս»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, Հովհաննիսյանի խոսքերով, «այսօր Ռուսաստանը, թերեւս մի քիչ կոպիտ կերպով, բայց ուղղում է այն սխալները, որոնք կատարել են Ռուսաստանի ղեկավարները 90-ականների սկզբին, երբ ամբողջությամբ ետ քաշվելով եվրոպական իրենց հենակետերից` չկարողացան կամ չցանկացան պայման դնել ՆԱՏՕ-ի ընդլայնման կապակցությամբ»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG