Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Հայաստանը սատարում է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը»


Հայաստանը կողմ է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը, քանի որ այն կարող է բարելավել պաշտոնական Երեւանի եւ Անկարայի միջեւ լարված հարաբերությունների հաղթահարման հեռանկարը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը բրիտանական «Ֆայնենշլ թայմս» թերթին տված հարցազրույցում:

«Կարծում եմ, լավ կլիներ մեզ համար, եթե Եվրամիության անդամ դառնալու Թուրքիայի ցանկությունը բավարարվեր», - ասել է Հայաստանի վարչապետը` հավելելով. - «Գուցե մեր միջեւ առկա խնդիրները կարող են լուծում գտնել Եվրամիության շրջանակներում»:

Հայաստանի նախագահական ընտրություններում առաջադրված Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ առաջարկներ կներկայացնի ընտրություններից հետո:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի վերաբերյալ նա ասել է. - «Չեմ կարծում, թե ճիշտ է ասելը, որ նա դեմ է Հայաստանի հետ հարաբերությունների հաստատմանը: Կտեսնենք, թե ինչ կլինի ապագայում»:

Լավատեսություն արտահայտելով, որ Հայաստանը եւ Թուրքիան առաջընթաց կարձանագրեն այս հարցում` Սերժ Սարգսյանը հարց է տվել. - «Ի վերջո, ի՞նչ ենք շահում մենք եւ ի՞նչ է շահում Թուրքիան ներկայիս իրավիճակից»:

«Նույնիսկ «սառը պատերազմի» ժամանակաշրջանում, երբ Հայաստանը մաս էր կազմում Խորհրդային Միությանը, իսկ Թուրքիան` ՆԱՏՕ-ին, մենք որոշակի հարաբերություններ ունեինք Թուրքիայի հետ: Երկաթուղագիծ էր կառուցվել Հայաստանից Թուրքիա: Բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծ էր անցկացվել երկու երկրների միջեւ», - ասել է Հայաստանի վարչապետը` ամփոփելով. - «Ինչո՞ւ այժմ տրամաբանական չպետք է լինի հարաբերությունների հաստատման իմ ցանկությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG