Մատչելիության հղումներ

Արամ Հարությունյան. «Ազգային համաձայնություն»-ը բարոյական իրավունք ունի առաջադրելու սեփական թեկնածուն»


Նախագահության թեկնածու առաջադրված` «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը այսօր կայացած ասուլիսում վրդովմունք հայտնեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գովազդային տեսասկավառակի կապակցությամբ, որտեղ կան նաեւ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի դահլիճում նկարահանված կադրեր:

Հարությունյանի խոսքերով, ընդդիմության հիմնական գործելաոճը մյուսներին հայհոյելն է. - «Ավելացել է դրան` «եթե այս մարդուն չես պաշտպանում, ուրեմն` կամ ծախված ես, կամ պատվեր ես կատարում»: Ընդ որում, բանը հասավ նրան, որ Վազգեն Մանուկյանին մեղադրեցին պատվեր կատարելու մեջ, քանի որ չի կանգնում առաջին նախագահի կողքը»:

Արդեն երկրորդ անգամ նախագահական ընտրություններին մասնակցող Արամ Հարությունյանը կոռեկտ չհամարեց այն հարցը, թե ո՞ւմ կողքին է կանգնելու կամ ո՞ւմ է սատարելու:

Նշելով, որ 2003 թվականի խորհրդարանական ընտրություններում իր կուսակցությունը հավաքել է մոտավորապես այնքան ձայն, որքան Հայոց համազգային շարժումը, Հարությունյանը հայտարարեց. - «Եթե Հայոց համազգային շարժումը քողարկված ձեւով կարող է առաջարկել Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, ապա «Ազգային համաձայնություն» կուսակցությունը, որը վարկաբեկված չէ, որը մեղքեր չունի, լիովին բարոյական իրավունք ունի առաջադրելու նախագահի սեփական թեկնածուն»:

Նա վստահեցրեց, որ միշտ էլ ընդդիմադիր է եղել առաջին նախագահին, դեռեւս 1991 թվականին, երբ «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանի թիմակիցն էր, ընտրությունները համարել է ոչ ժողովրդավարական: Հիմա էլ դժգոհ է, մասնավորապես, ղարաբաղյան հարցում Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումից: Այդ առիթով նա հիշեցրեց, որ Տեր-Պետրոսյանի տեսակետը չէր կիսում նաեւ նրա այսօրվա թիմակից` «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբայրը` 1999-ի հոկտեմբերի 27-ին սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանը:

«Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր Ղարաբաղի հարցում բանավիճում է նաեւ Վազգեն Սարգսյանի հետ», - պնդեց Արամ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է նախագահի թեկնածու առաջադրված վարչապետ Սերժ Սարգսյանին, ապա «Ազգային համաձայնության» ղեկավարը ասաց, թե համաձայն է վարչապետի ելույթների հիմնական դրույթներին:

Նա վստահեցրեց, թե դժվարությամբ է հայթայթել 8 միլիոն դրամը, որը անհրաժեշտ է ընտրություններում առաջադրվելու համար` որպես գրավ: Ամենամեծ աղբյուրը, նրա խոսքերով` «Հայաստանի քաղաքացիներն են». - «Համենայն դեպս, ոչ մի օլիգարխ չկա մեր համակիրների մեջ»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG