Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում «Ի՞նչ է ուզում ժողովուրդը» հարցին ի պատասխան` սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանը ասել է. - «Գունավոր հեղափոխություն մեզանում հնարավոր չէ, քանի որ ժողովուրդը հակված էլ չի հեղափոխական փոփոխությունների: Ժողովուրդը շարունակական զարգացում եւ առաջընթաց է ցանկանում»: «Մեր ժողովուրդը դանդաղ, բայց հաստատուն բարեփոխումների կողմնակից է եւ դեմ է ցնցումներին», - պնդել է Պողոսյանն ու հավելել. - «Նույնքան պատրանքային է նախապատվությունը տալ այն թեկնածուին, որը Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկեր է տեսնում Թուրքիան եւ Ադրբեջանը։ Ժողովուրդը դա չի ուզում եւ առաջացած հարցերը լուծելու այս ճանապարհը չի համարում լավագույնը»:

Իր հերթին, «Հավատա՞լ, թե՞ չհավատալ սոցիոլոգիական հարցումների արդյունքներին» հարցին ի պատասխան` «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը փաստարկել է. - «Քաղաքական շրջանակներում այդ հարցի պատասխանը միանշանակ է. եթե այդ արդյունքները բավարարում են տվյալ քաղաքական ուժին, ապա դրանք ճշգրիտ են եւ օբյեկտիվ, եթե հարցման թվերը տվյալ կուսակցությանը ձեռնտու չեն` ուրեմն դրանք սուտ են, «դզած-փչած» են հակառակորդների կողմից: Կամ` սոցիոլոգներն են անգրագետ: Կամ` քաղաքացիները վախեցած են եւ հարցման ժամանակ իրենց իսկական դիրքորոշումը չեն արտահայտում»: Ըստ «Առավոտ»-ի պատվիրած հարցման, «եթե ընտրությունները անցկացվեին առաջիկա կիրակի օրը, ապա Սերժ Սարգսյանին ձայն կտար հարցվածների 19.2 տոկոսը, Լեւոն Տեր-Պետրոսյանին` 9.2 տոկոսը: Նրանց հաջորդում են Վազգեն Մանուկյանը` 4.4 տոկոս, Արթուր Բաղդասարյանը` 2.1 տոկոս, Վահան Հովհաննիսյանը` 2 տոկոս, Արտաշես Գեղամյանը` 1.4 տոկոս: Շատ են նաեւ չկողմնորոշվածները` 31.5 տոկոս»:

«Ազգ»-ի մեկնաբանը «Հնարավո՞ր է արդյոք Տեր-Պետրոսյանի վերադարձը իշխանական բուրգ» վերնագրի ներքո շեշտադրել է. - «Այսօր ձեւավորվել է մի իրավիճակ, երբ շատերի գիտակցությամբ Հայաստանում անհրաժեշտ են փոփոխություններ, բայց ոչ հեղափոխություն: Այսինքն՝ հնարավոր անկայունության բնական վախն է, որ բնակչության մի հսկայական հատվածի ստիպում է շարունակել պաշտպանել ներկա իշխանություններին, վախենալով, թե նորերը կսկսեն քանդելուց: Իսկ Տեր-Պետրոսյանի շրջապատը իր քայլերով եւ հայտարարություններով միայն ամրապնդում է բնակչության այն կարծիքը, որ ցանկանում են իշխանության գալ հաշվեհարդար կազմակերպելու մղումով միայն»: «Հայաստանում ձեւավորվել է մի իրավիճակ, երբ երկրում կա փոփոխությունների` քաղաքական ու տնտեսական բարեփոխումների պահանջ, բայց ոչ հեղափոխությունների, առավել եւս նախկին իշխանությունների վերադարձի անհրաժեշտություն երկրի իշխանական բուրգ», - ամփոփել է մեկնաբանը:

«Ժամանակ Երեւան» թերթի փոխանցմամբ` չնայած Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարմանը մնացել են հաշվված օրեր, սակայն մինչեւ պաշտոնավարման ավարտը նրա կողմից ղարաբաղյան հարցի կարգավորմանը վերաբերող փաստաթուղթ ստորագրելու ճնշումը չի դադարում: Վկայակոչելով բանակցային գործընթացին մոտ կանգնած աղբյուրները` թերթը տեղեկացնում է, թե «բոլոր հիմնական հարցերի շուրջ ձեռք է բերվել սկզբունքային համաձայնություն, մնում է միայն, որ Ռոբերտ Քոչարյանը ստորագրի զորքերի հետքաշման հրամանը»: Ըստ նույն աղբյուրի, «հայկական կողմի վերահսկողության տակ կմնան Լեռնային Ղարաբաղը եւ Լաչինի 40 կիլոմետր լայնքով միջանցքը»:

Փաստելով, որ Արամ Կարապետյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը զրկվեցին նախագահական ընտրություններում առաջադրվելու հնարավորությունից, քանի որ նրանց չտրվեցին Հայաստանում վերջին 10 տարիներին բնակվելու եւ վերջին 10 տարիներին Հայաստանի քաղաքացի լինելու վերաբերյալ տեղեկանքները, «168 ժամ»-ը հասցեագրել է. - «Որքան էլ զարմանալի է, նման տեղեկանքներ տրվել են «Ժողովրդական կուսակցության» եւ «ԱԼՄ» հոլդինգի ղեկավար Տիգրան Կարապետյանին»։ «Բանն այն է, որ պարոն Կարապետյանի կենսագրությունը հուշում է, որ նա չէր կարող վերջին 10 տարիներին մշտապես բնակված լինել Հայաստանի Հանրապետությունում, որովհետեւ մինչեւ 2001 թվականը վերջինս երկար տարիներ բնակվել է Վոլգոգրադում ու եղել է իր հիմնադրած «Այլընտրանքային լրատվական ցանցի» ղեկավարը», - փաստարկել է թերթն ու բխեցրել. - «Թե ինչպես է Կարապետիչին հաջողվել միաժամանակ բնակվել ե’ւ Ռուսաստանում, ե՛ւ Հայաստանում, եւ թե ինչու կամ ինչպես են այս պարագայում նրան տրվել վերը նշված տեղեկանքները, մնում է միայն ենթադրել»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG