Մատչելիության հղումներ

Այսօր տեղի կունենա «Լեդ Զեփելին»-ի վերամիավորման համերգը


Այսօր Լոնդոնի “O2” համերգասրահում ռոքնռոլի շուրջ 20 հազար երկրպագուների առջեւ ելույթ կունենա «Լեդ Զեփելին» («Արճիճե օդապարիկ») լեգենդար խումբը:

Բարեգործական համերգի հասույթը փոխանցվելու է կրթական եւ սոցիալական ծրագրեր իրականացնող «Ահմեթ Էրթեգյուն» հիմնադրամին:

Ծագումով թուրք Էրթեգյունը 1947 թվականին ԱՄՆ-ում հիմնադրել է “Atlantic Records” ձայնագրական ընկերությունը, իսկ անցած դարի 80-ականների երկրորդ կեսից ընտրվել է ռոքնռոլի Պատվո սրահի եւ թանգարանի նախագահ:

«Զեփելին»-ի երաժիշտները ասել են, որ Էրթեգյունը մեծ ներդրում ունի խմբի հաջողության մեջ: “Atlantic Records”-ը «Լեդ Զեփելին»-ի անդրանիկ սկավառակը թողարկել է 1969 թվականին: Այդ սկավառակից սկսած` խումբը համարվել է հարդ-ռոքի հիմնադիրներից առավել ազդեցիկը:

Էրթեգյունը վախճանվել է անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին:

1980 թվականի սեպտեմբերի 25-ին ալկոհոլի չարաշահման հետեւանքով մահացել է «Լեդ Զեփելին»-ի 32-ամյա հարվածող Ջոն Բոնհեմը, եւ կարճ ժամանակ անց խումբը հայտարարել է լուծարման մասին:

Կիթառահար Ջիմի Փեյջը եւ երգիչ Ռոբերտ Փլանթը ժամանակ առ ժամանակ համագործակցել են, սակայն բաս-կիթառահար եւ երգեհոնահար Ջոն-Փոլ Ջոնսի հետ վեճերը խափանել են վերամիավորման հնարավորությունները: Այս տարվա ամռանը մենեջերների միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում տարաձայնությունները հաղթահարվել են:

Այսօր երեկոյան Փեյջի, Փլանթի եւ Ջոնսի հետ միասին բեմ դուրս կգա հանգուցյալ Ջոն Բոնհեմի որդին՝ հարվածող Ջեյսոն Բոնհեմը:

Երբ խումբը հայտարարեց վերամիավորման համերգի լուրը՝ առնվազն 25 միլիոն մարդ ինտերնետով տոմս գնելու հայտ ներկայացրեց, ինչի հետեւանքով ինտերնետային մի քանի կայքէջերի աշխատանքը տեւական ժամանակով խափանվել էր:

«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, մի անհայտ երկրպագու աճուրդի հանված զույգ տոմսերի համար վճարել է 83 հազար եվրո` այսինքն, մեկ տոմսի գինը կազմել է 60 հազար դոլար: Սա այսօրվա դրությամբ համարվում է աշխարհում երբեւէ որեւէ համերգի տոմսի համար վճարված ամենաբարձր գինը:

Համերգներ կազմակերպող ընկերությունները «Լեդ Զեփելին»-ի երաժիշտներին հորդորում են շարունակել ելույթները: Առայժմ հստակ պատասխան չկա: Մեկնաբանների կարծիքով, դա, ամենայն հավանականությամբ, կախված է այսօրվա լոնդոնյան համերգի հաջողությունից:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG