Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյան. «Պաշտպանելու ենք Սերժ Սարգսյանին»


Դեկտեմբերի 20-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղաքական խորհրդի ընդլայնված նիստ կանցկացնի եւ արդեն պաշտոնապես կհայտարարի, որ առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին: Այդ մասին այսօր հայտարարեց կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Կոալիցիոն հուշագիր ենք ստորագրել, որով, եւ դա` միանշանակ, Ծառուկյանը պաշտպանելու է` ինչ ասել է, ինչ ստորագրել է», - հայտարարեց «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարը:

Նա հայտնեց, որ իր կուսակցությունն ու Հանրապետականը նաեւ նախընտրական շտաբները կմիացնեն:

Ծառուկյանը վստահեցրեց, որ իր կուսակցությանը չի մտահոգում որոշ վերլուծաբանների այն կարծիքը, թե Սերժ Սարգսյանը խոցելի թեկնածու է. - «Բոլոր երեւացող, հզոր մարդիկ խոցելի են լինում: Էն չերեւացող մարդիկ, որոնք ստվերի տակ են, միշտ էլ աներեւույթ մնում են»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձին քաղաքականություն, «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը պատասխանեց. - «Եթե մարդը ցանկացել է, ունի նոր ծրագիր, ժողովուրդը եթե իրեն հավատում է, իրեն ընդունում է` ինքը իր ծանրակշիռ տեղը գիտի, իր աշխատանքը: Քանի որ դեմոկրատիա է, եթե մարդը վստահ է իր ծրագրի վրա, ժողովրդի վրա, այդ քայլը կատարել է: Ընտրություններն էլ դրա վառ ապացույցը կլինեն»:

Անդրադառնալով իր նկատմամբ քաղաքական նկատառումներով հետապնդումների վերաբերյալ գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պնդումներին` Ծառուկյանը հայտարարեց. - «Եթե Խաչատուր Սուքիասյանը այդ ուղին է բռնել, ինքը գործարար է, իմ ընկերն է` ես հո չե՞մ հրաժարվում, բայց եթե լրիվ փաստաթղթերը արդարացի են, իրականությանը համապատասխան են` հետապնդելը ի՞նչ է նշանակում: Այսօր մեր մտահղացումներն ու ծրագրերը տարբեր են»:

Ի պատասխան հարցի, թե արդյոք իր մոտ ստուգումներ սկսվե՞լ են, «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը հայտարարեց. - «Կարող եք նայել, որ Ծառուկյանի բոլոր օբյեկտներն էլ տարին մեկ անգամ ստուգվում են, ու պարտադիր մենք ենք պահանջում: Բոլոր իմ տնօրեններին, հաշվապահությանը զգուշացված է, որ ամեն մի թերության համար իրենք պատասխան են տալիս»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG