Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Ռուսաստանը այստեղ չի անի այն, ինչ անում էր Վրաստանում եւ Ուկրաինայում»


Հայաստանի առաջին նախագահ եւ նախագահության թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթի հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը Հայաստանում «չի անի ոչինչ` նման այն բանին, ինչ արել է Վրաստանում եւ Ուկրաինայում»:

Թղթակցի հարցին` «Չե՞ք վախենում, որ Ռուսաստանը կարող է բռնել իշխանության կողմը», Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է. - «Իմ դեպքում, երբ [Սերժ] Սարգսյանի այլընտրանքը ես եմ, նման բան չի լինի: Մեզ մոտ ուկրաինական եւ վրացական սխեմաները չեն աշխատի: Այստեղ չկա ռուսամետ եւ ամերիկամետ ուժերի բաժանում»:

Առաջին նախագահը հիշեցրել է, որ Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական գործընկերությունը եղել է նաեւ իր օրոք. - «Բոլոր կարեւորագույն պայմանագրերը ստորագրվել են իմ ժամանակ: Հայաստանը առաջինն է միացել ԱՊՀ-ին: Հավաքական անվտանգության, սահմանների համատեղ պաշտպանության, հակաօդային պաշտպանության միասնական համակարգի, Գյումրիի ռազմակայանի, «Հայռուսգազարդ»-ի ստեղծման մասին պայմանագրերը` այդ ամենը արվել է իմ օրոք: Վերջապես` ռուս - հայկական քաղաքական մեծ պայմանագիրը: Ներկայիս իշխանությունները ոչ մի նոր բան չեն ավելացրել: Կհիշե՞ք նրանց ստորագրած գեթ մեկ պայմանագիր»:

Ի պատասխան հիշեցման, որ անցյալ տարի «Գազպրոմ»-ի հետ ստորագրված պայմանագրով այդ ընկերությանը փոխանցվեցին Հայաստանի տարածքի գազատրանսպորտային ցանցերը, Տեր-Պետրոսյանը հայտարարել է. - «Դա այլ բան է: Այստեղ շատերն են մեղադրում Ռուսաստանին, սակայն դրանում նրա մեղքը չկա: Ուղղակի Հայաստանի ներկայիս իշխանությունները, թեթեւացնելու համար իրենց կյանքը եւ չվճարելու համար Ռուսաստանին ունեցած պարտքերի դիմաց տոկոսները, հարցը լուծեցին այդպես` տվեցին սեփականություն: Հարյուր միլիոնանոց այդ պարտքի հարցը կարելի էր այլ կերպ լուծել: Ինքը Պուտինը երկու անգամ ասել է, որ դա ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի նախաձեռնությունն էր»:

Առաջին նախագահը նաեւ Գյումրիի ռուսաստանյան ռազմակայանին վերաբերող հետեւյալ բացահայտումն է արել. - «Երբ Ռուսաստանի մոտ խնդիրներ առաջացան մեր տարածքում զինվորականների ներկայության հետ կապված, ես անձամբ Բորիս Ելցինին առաջարկեցի արձանագրել, որ դա ռազմակայան է: Նա հանձնարարեց փաստաթուղթ պատրաստել, եւ ամեն ինչ որոշվեց: Դա բնական է, եթե դա բխում էր թե’ Ռուսաստանի Դաշնության, թե’ Հայաստանի շահերից: Եվ այժմ այդ շահը առաջվա պես կա»:

«Դուք դիմում եք միջազգային հանրությանը, որպեսզի հետեւի ընտրությունների ընթացքին, հանդիպել եք Եվրամիության դեսպանների հետ: Իսկ Ռուսաստանին դիմե՞լ եք», - այս հարցին Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է. - «Ես ոչ մի պետության չեմ դիմել: Ես դիմել եմ կազմակերպությունների, որոնցում մենք ստանձնել ենք որոշակի ժողովրդավարական պարտավորություններ` Եվրախորհրդին, ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին: Մենք մի բան ենք խնդրում` որ Հայաստանը կատարի ստանձնած պարտավորությունները»:

Ինչ վերաբերում է ԱՊՀ-ին, ապա, առաջին նախագահի խոսքերով, «ԱՊՀ-ում նման պարտավորություններ Հայաստանը չի ստանձնել»:

Փետրվարյան ընտրություններում հնարավոր կեղծիքներին առնչվող հարցին Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է. - «Մենք անում ենք ամեն ինչ` դրանցից խուսափելու համար: Սակայն նրանք կարող են էլի ինչ-որ բան հորինել»:

Ընտրակեղծիքների դեպքում, առաջին նախագահի խոսքերով, «հեղափոխություն չի լինի, ես թույլ չեմ տա բռնություն եւ իրավախախտումներ մեր կողմից»:

«Իսկ եթե մարդիկ, այդուհանդերձ, փողո՞ց դուրս գան», - այս հարցին Տեր-Պետրոսյանը պատասխանել է. - «Այդժամ ես կխնդրեմ, որպեսզի ժողովուրդը իր կարծիքն արտահայտի միայն խաղաղ եղանակով»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG