Մատչելիության հղումներ

Խաչատուր Սուքիասյանը «պետական տեռոր» է որակում իր ընկերություններում իրականացվող ստուգումները


Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում «պետական տեռոր» որակեց իր ընկերություններում իրականացվող ստուգումները եւ վերահաստատեց, որ մինչեւ վերջ կանգնելու է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին:

Մեկնաբանելով «Հայէկոնոմբանկի» միջոցով իրականացված կեղծ գործարքի մասին Հանրային եւ «Կենտրոն» հեռուստաընկերությունների հաղորդագրությունը` Սուքիասյանը հայտարարեց, որ «ցանկացած գործարք այլ ֆիզիկական եւ իրավաբանական անձերի միջեւ, որը պարունակում է փոխանցում, գումարների տեղաբաշխում կամ այլ գործիքներ, որոնք բանկային համակարգին են առնչվում, «Հայէկոնոմբանկը» ուրախ կլինի, որ միլիոնավոր այդպիսի գործարքներ կատարի իր բանկային համակարգի միջոցով»:

«Իսկ թե այդ հարաբերությունները ինչպիսին են եղել` դա «Հայէկոնոմբանկին» չի հետաքրքրում», - ընդգծեց Սուքիասյանը:

Հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվական ծրագիրը, մասնավորապես, վկայակոչելով «իրեն հասած տեղեկությունները», երեքշաբթի օրը հաղորդել էր, թե «խաբեության, մաքսանենգության եւ կեղծ ընկերություն ստեղծելու մեղադրանքով օրերս ձերբակալվել են Մաքսային պետական կոմիտեի եւ Հարկային պետական ծառայության երկուական աշխատակիցներ»: Ըստ հաղորդագրության, Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Սիլվիա» հրատարակչության եւ Հարկային պետական ծառայության երկու աշխատակիցների համաձայնությամբ եւ նախաձեռնությամբ ստեղծված մի ընկերություն հրատարակչությանն է ուղարկել կեղծ հաշիվ-ապրանքագրեր, ինչի դիմաց հրատարակչության` այդ ընկերությանը փոխանցած գումարները «հետագայում կանխիկացվել են նույն Սուքիասյաններ ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկի» միջոցով»: Ընդհանուր առմամբ, համաձայն նույն աղբյուրի, իրականացվել է 720 միլիոն դրամի կեղծ գործարք:

Խաչատուր Սուքիասյանը հաստատեց, որ «Հայէկոնոմբանկը» պատրաստվում է հայցադիմում ներկայացնել դատարան, քանի որ, համապատասխան մասնագետների ուսումնասիրություններով, հրապարակված լուրերի հետեւանքով բանկը 400 միլիոն դրամի վնաս է կրել. - «Իրավաբանը զբաղվում է դրանով: Դա մոտավոր հաշվարկ է եղել, հնարավոր է եւ աճի այդ գումարը: Որովհետեւ մենք այդ ստահոդ արարքը մեկ օրով չենք գնահատելու, դա գնահատելու ենք շատ երկար ժամանակվա կտրվածքով: Նկատի ունեմ` ցանկացած ստահոդ արտահայտություն հնարավոր է իմիջի վրա ազդի, դա տարիներ շարունակ իր ազդեցությունը կունենա»:

Գործարարի փոխանցմամբ, «Հայէկոնոմբանկի» խորհրդում ներկայացուցիչ ունի նաեւ բանկի խոշոր բաժնետեր` Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, որը տեղյակ է բոլոր գործառույթներին:

Եվրոբանկի կովկասյան ներկայացուցչության մամլո գրասենյակից առայժմ ձեռնպահ մնացին մեկնաբանություններից` շեշտելով միայն, որ «Հայէկոնոմբանկի» հետ շատ երկար ժամանակ են աշխատում, տարբեր ծրագրեր են իրականացնում եւ վստահում են այդ բանկին:

«Սկզբունքորեն, «Հայէկոնոմբանկը» հայաստանյան շուկայում աշխատող լավագույն բանկերից մեկն է», - ասացին Եվրոբանկի մամլո գրասենյակից` վստահեցնելով, որ ծրագրերը բանկի հետ շարունակվելու են:

«Պետք է սպասենք` տեսնենք, թե իրականում ո՞վ է ճիշտ: Դեռ չի հաստատվել, թե իրենք [«Հայէկոնոմբանկը»] են սխալ: Կոնկրետ այսօրվա վիճակով մենք բանկին սատարում ենք եւ բանկի հետ աշխատում ենք», - նշեցին Եվրոբանկի մամլո գրասենյակում` հավելելով. - «Իսկ եթե բանկը մեղավոր չէ` այն ժամանակ հատուկ հայտարարություն կանենք, որ Եվրոպական բանկը սատարում է «Հայէկոնոմբանկին»:

Ավելի ուշ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. - «Հաշվի առնելով հասարակական հնչեղությունը, ի պատասխան լրատվամիջոցների բազում հարցումների՝ ՀՀ դատախազությունը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասի (կեղծ ձեռնարկատիրություն, որի հետեւանքով պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր չափերի խարդախություն) եւ 215-րդ հոդվածի 1-ին մասի (մաքսանենգություն՝ խոշոր չափերով) հատկանիշներով:

Նախաքննությամբ պարզվել է, որ «Նամյու» ՍՊԸ-ի կողմից, որը ստեղծվել է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Ավանի տարածքային հարկային տեսչության գլխավոր մասնագետ Մ. Ստեփանյանի եւ Սեւանի հարկային տեսչության ավագ տեսուչ Ս. Դավթյանի նախաձեռնությամբ՝ ՀՀ քաղաքացի, ոսկրերի քաղցկեղով տառապող, անաշխատունակ Ա. Ղազարյանի անունով, առանց ապրանքների մատակարարման «Սիլվիա» ՍՊԸ-ին են տրամադրվել կեղծ հաշիվ-ապրանքագրեր՝ իբր «Սիլվիա» ընկերությանը 720 մլն դրամի ընդհանուր արժողության բժշկական եւ այլ սարքավորումներ մատակարարելու մասին՝ դրանով իսկ պետությանը պատճառելով խոշոր չափերի վնաս: Ձեւականորեն «Սիլվիա» ՍՊԸ-ի անունից «Նամյու» ՍՊԸ-ին գումարի հաշվանցումը եւ կանխիկացումը ձեւակերպվել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի հատկապես Սեւանի մասնաճյուղի միջոցով, որին անմիջական մասնակցություն է ունեցել Ս. Դավթյանը:

«Սիլվիա» ՍՊԸ-ի կողմից, որը հանդիսանում է տպագրատուն, նշված կեղծ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով, 720 մլն դրամ ընդհանուր արժողության բժշկական եւ այլ սարքավորումները, ապօրինի, մաքսանենգ ճանապարհով արտահանվել են Հայաստանի Հանրապետությունից, իսկ արտահանված ապրանքների դիմաց գոյացած ավելացված արժեքի հարկը՝ 120 մլն դրամի չափով հաշվանցվել է «Սիլվիա» ՍՊԸ-ի հաշվին:

Նախաքննությամբ պարզվել են նաեւ կեղծ գործարքների այլ դեպքեր, որոնց հանգամանքները ճշտվում են»:

Համաձայն դատախազության հաղորդագրության, Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել Հարկային պետական ծառայության վերը նշված երկու աշխատակիցներին, Գուգարքի տարածաշրջանային մաքսատան աշխատակիցներ Ա. Գասպարյանին եւ Ա. Մաթեւոսյանին, ինչպես նաեւ «Սիլվիա» ՍՊԸ-ի տնօրեն Մարտին Սուքիասյանին:

Նախաքննությունը շարունակվում է:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG