Մատչելիության հղումներ

Վարդան Մալխասյանին վաղաժամկետ ազատ արձակելու հարցը կքննարկվի՞ հունվարին


«Հայ կամավորականների համախմբում» շարժման անդամ Վարդան Մալխասյանին վաղաժամկետ ազատ արձակելու հարցը դեկտեմբերի 3-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը հերթական նիստում չի քննարկել օրենքի պահանջով: Այդ մասին երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը:

«Վարդան Մալխասյանի հարցը հետաձգվել է` անձը ուսումնասիրված չլինելու պատճառով, քանի որ մենք Վարդան Մալխասյանին չէինք կարողանում բնութագրել. նա հիմնարկում էր գտնվում ընդամենը 16 օր: Մենք շարժվել ենք օրենքով», - վստահեցրեց Բաղդասարյանը:

Նոյեմբերի 2-ին` «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից Վարդան Մալխասյանի տեղափոխվելուց 16 օր անց, նրա հարցը լսվել է, սակայն որոշվել է միջնորդություն չներկայացնել դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցերով զբաղվող անկախ հանձնաժողովին: Լյովա Բաղդասարյանի փոխանցմամբ` նման դեպքերում օրենքը պահանջում է հարցի քննարկումը հետաձգել երկու ամսով:

Թեեւ ավելի վաղ Վարդան Մալխասյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ այդ կապակցությամբ չի ստացել որեւէ պարզաբանում կամ բացատրություն, քրեակատարողական հիմնարկի ղեկավարը երեկ պնդեց, թե «դրա մասին տեղյակ է եղել ե’ւ Վարդան Մալխասյանը, ե’ւ դա օրենքն է ասում»:

«Երկու ամիսը լրանում է 2008 թվականի հունվարի 2-ին, եւ 2008 թվականի հունվարի 2-ին կամ հաջորդող օրերին, հենց առաջիկա նիստում, իմ կարծիքով, մենք անպայման կլսենք Վարդան Մալխասյանի հարցը», - վստահեցրեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարը:

Մինչդեռ Վարդան Մալխասյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում համոզմունք հայտնեց, թե առաջիկա ամիսների ընթացքում, քանի դեռ երկիրը նախագահական ընտրությունների շեմին է կանգնած, իրենց ժամանակից շուտ ազատ չեն արձակի: Նա քիչ հավանական է համարում նաեւ, որ միջնորդությունը ներկայացվի անկախ հանձնաժողովին. - «Իսկ եթե ներկայացվի նույնիսկ` այդ անկախ կոչվող հանձնաժողովի ղեկավարները ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ են, որոնք բացառապես ղեկավարվում են Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից»:

«Մեր երկրում գործում է ոչ թե օրենքի ուժը, այլ ուժի օրենքը», - վստահ է Մալխասյանը:

Ինչ վերաբերում է «Հայ կամավորականների համախմբում» շարժման նախաձեռնող Ժիրայր Սեֆիլյանին, ապա, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի խոսքերով, քանի դեռ չի մարվել հոկտեմբերին Սեֆիլյանին ներկայացված տույժի ժամկետը, նրան վաղաժամկետ ազատ արձակելու հարցը չի կարող քննարկվել:

Վարդան Մալխասյանը 2 տարվա ազատազրկման է դատապարտվել իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված հրապարակային կոչերի մեղադրանքով, իսկ Ժիրայր Սեֆիլյանը ապօրինի զենք կրելու եւ պահելու մեղադրանքով դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG