Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը նկատել է. - «Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀՇ-ն պատրաստ էլ չեն իրենց ձեռքը վերցնելու պետության ղեկը, չեն էլ ուզում նման պատասխանատվություն ստանձնել, այլ ծայրահեղական դրսեւորումներով պառակտում են ժողովրդին։ Եթե առաջիկա նախագահական ընտրությունները դիտարկենք որպես Արցախի հիմնահարցի լուծման տարբերակներ որոշող հանրաքվե, ապա Տեր-Պետրոսյանին տրված յուրաքանչյուր քվե Ադրբեջանը պետք է համարի Արցախը հանձնելու համաձայնություն։ Ապա եւ կարող է պնդել, թե Հայաստանի հասարակությունը երկփեղկված է»։

«Չորրորդ իշխանություն» թերթի մեկնաբանը, իր հերթին, շեշտադրել է. - «Երբ այսօրվա պաշտոնյաները կամ քաղաքական գործիչները հայտարարում են, թե 1997-ին Լեւոն Տեր -Պետրոսյանը ուզում էր «ծախել» Ղարաբաղը, նրանք իհարկե, գիտակցում են, որ հիմարություն են ասում։ Գիտակցաբար նման բան ասելը , բնականաբար, ինքնանպատակ չէ եւ կոնկրետ քարոզչական խնդիրներ է լուծում»։ Ըստ մեկնաբանի, «ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ այդ հիմարությունը բացահայտվում է, հենց որ նման բան հայտարարողին մի պարզ հարց ես տալիս. - «Իսկ ինչո՞ւ էր առաջին նախագահն ուզում ծախել Ղարաբաղը, դրա դիմաց ի՞նչ էր ստանալու»։ «Եվ պատկերացրեք՝ որեւէ մեկից որեւէ հոդաբաշխ պատասխան չենք լսել։ Կամ քորել են գլուխները, կամ լավագույն դեպքում քթների տակ ինչ-որ անհասկանալի բաներ մրթմրթացել», - հավելել է մեկնաբանը։

«Առավոտ» թերթին տված հարցազրույցում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը վստահեցրել է, թե «ՀՀ առաջին նախագահի շուրջ հասարակության եւ քաղաքական ուժերի համախմբումը նոր թափ է հավաքելու այս ամսվա երկրորդ կեսից, եւ դրա դեմ իշխանությունը ոչինչ անել չի կարող»։ «Իշխանությունները սկզբում փորձում էին անձամբ՝ երկրի առաջին դեմքով հակադարձել Տեր-Պետրոսյանի ելույթներին, բայց կտրուկ բարձրանում էր հե՛նց Տեր-Պետրոսյանի վարկանիշը, որովհետեւ իշխանությունը դա անում էր շատ անհաջող եւ անտաղանդ։ Տեր-Պետրոսյանը քաղաքական բանավեճի նշաձողը այնքան է բարձրացրել, որ Սերժ Սարգսյանին անգամ Քոչարյանի տուռնիկը չի կարող փրկել», - հավելել է Աբրահամյանը։

«Հայք»-ի խմբագրականը, պնդելով, որ «երկրի կառավարման համակարգը կազմաքանդելն այլ բան է, պետություն կազմաքանդելը՝ այլ», հիմնավորել է. - «Կարելի է ենթադրել, որ ավազակապետության կարկառուն պաշտպանները ոչ մի կերպ չեն ընկալի, որ ավազակապետությանը նետված մարտահրավերը մարտահրավեր է ոչ թե պետությանը, այլ՝ ավազակապետերին ու ավազակներին։ Եթե նրանք դա չեն հասկացել Տեր-Պետրոսյանի հայերենով, ուրեմն ոչ մի կերպ ունակ չեն հասկանալ։ Բայց խոստովանենք` բավականին տարօրինակ էր նախօրեին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի մեկնաբանությունը, երբ նա իր անհամաձայնությունը հայտնեց նույն այդ «ավազակապետության բուրգը» կազմաքանդելուն»։ «Կարելի է անել երկու ենթադրություն. կամ նա կողմնակից է ավելի մեղմ գնահատականների եւ պակաս վճռական է լինելու իշխանությունների դեմ իր պայքարում, կամ էլ, ցավոք, ինքն է շփոթում պետությունն ու ավազակապետերին», - եզրափակել է խմբագրականը։

Ըստ «Ժամանակ Երեւան»-ի, 2008-ի հունվարից Հայաստանը «ԱրմենՏել»-ի եւ «Վիվասել»-ի հետ զուգահեռ կունենա բջջային կապի երրորդ օպերատորը: Թերթը գրել է. - «Մեզ հասած հավաստի տեղեկություններով, երրորդ օպերատորը Ռոբերտ Քոչարյանի որդին է` Սեդրակ Քոչարյանը, որը, ինչպես հայտնի է, մեծ սեր ունի բջջայինների նկատմամբ: Փաստորեն, Քոչարյանների ընտանիքը այսուհետ ոչ միայն բջջայինների ներկրումը կիրականացնի, այլեւ բջջային կապը կապահովի»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG