Մատչելիության հղումներ

Շիմպանզեն մարդուց ավելի լավ հիշողություն ունի


Կիոտոյի համալսարանի պրոֆեսոր Տեցուրո Մացուզավայի ղեկավարած խմբի հետազոտությունը հրապարակվել է “Current Biology” ամերիկյան գիտական հանդեսի վերջին համարում:

Փորձին մասնակցել են երեք մայր-շիմպանզեներ` իրենց հնգամյա ձագերի հետ, եւ համալսարանի 9 ուսանողներ:

Հետազոտությունն ապացուցել է, որ փոքրիկ շիմպանզեները ոչ միայն իրենց մայրերի, այլեւ համալսարանի ուսանողների համեմատությամբ շատ ավելի արագ եւ ճիշտ են հիշել համակարգչի էկրանին մի քանի ակնթարթով հայտնվող 1-ից 9 թվերը, որոնց անհետանալուց հետո վահանակին դատարկ վանդակներ են պատկերվել:

Մացուզավան ենթադրում է, որ էվոլյուցիայի ընթացքում մարդ արարածը աստիճանաբար կորցրել է այդ «վայրկենական հիշողության» ունակությունը, քանի որ զարգացրել է գոյատեւելու համար անհրաժեշտ այլ ունակություններ:

«Ուղեղի կարողությունն անսահման չէ, գուցե homo sapiens-ը հրաժարվել է որոշ ունակություններից՝ այլ, օրինակ` խոսելու ունակությունը զարգացնելու համար», - ասել է Մացուզավան եւ հավելել. - «Գուցե նույնն էլ վերաբերում է հասունացման շրջանին, որովհետեւ հասակ առնելու ժամանակ շիմպանզեի հիշողության կարողությունն էլ աստիճանաբար նվազում է»:

«Ֆրանսպրես»-ը նշում է, որ շիմպանզեն համարվում է homo sapiens-ին` բանական մարդուն ամենամոտ գտնվող էակը կենդանական աշխարհում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG