Մատչելիության հղումներ

Արմեն Աշոտյան. «Եվրոպացի դիտորդների հայտարարությունը քաղաքականացված է»


ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության կազմում Ռուսաստանի խորհրդարանական ընտրություններին հետեւած հայ խորհրդարանական Արմեն Աշոտյանը քաղաքականացված է համարում եվրոպացի դիտորդների տարածած հայտարարությունը, համաձայն որի` ընտրությունները արդար չէին եւ չէին համապատասխանում ժողովրդավարության եվրոպական չափանիշներին:

«Կարծում եմ, ինչպես նաեւ հայտնել եմ այդ գնահատականի քննարկման ժամանակ, որ տարածված հայտարարությունը քաղաքականացված է եւ չի նպաստելու Ռուսաստան - Եվրոպա հարաբերությունների բարելավմանը, այլ ավելի շատ, կարծես թե, խորացնում է այն անջրպետը, ավելի դժվար լուծելի է դարձնում այն քաղաքական խնդիրները, որոնք վաղուց գոյություն ունեն եւ վերջին շրջանում նաեւ սրացել են Ռուսաստանի եւ եվրոպական կառույցների հարաբերություններում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց հանրապետական պատգամավորը:

Հարցին` արդյո՞ք ժողովրդավարական, ազատ եւ արդար է համարում Ռուսաստանում անցկացված ընտրությունները, Աշոտյանը պատասխանեց. - «Ես կարծում եմ, սա անկախ պետության սեփական ընտրությունն է: Այդ ժողովուրդը ազատ ժողովուրդ է, որը ապրում է անկախ պետության մեջ, ինքն է այդպիսի ընտրություն արել, եւ այստեղ, բնականաբար, պետք չէր զարմանալ արդյունքների վրա, որովհետեւ նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը փաստացի այնքան բարձր է` շուրջ 70 տոկոս, ինչը խոստովանում են նաեւ, ի դեպ, ընդդիմադիր գործիչները, օրինակ` «Աջ ուժերի միության» ղեկավարներից մեկը` պարոն Նեմցովը»:

«Ձեր կարծիքը, փաստորեն, լրիվ տարբերվում է ԵԱՀԿ-ի դիտորդների հրապարակած պաշտոնական գնահատականից: Գուցե սա զգուշավորությո՞ւն է «մեծ եղբոր» նկատմամբ, որ Հայաստանի պատվիրակությունից, գոնե իշխանական թեւից, այսպիսի գնահատականներ հնչեն», - այս հարցադրմանը հանրապետական պատգամավորը արձագանքեց. - «Այն տեսակետները, որոնք ես հնչեցրեցի, կտրականապես չեն տարբերվում, այլ ընդամենը գնահատականների ավելի մեղմ տարբերակներ են եւ ավելի ըմբռնումով մոտեցում ռուսական քաղաքական մշակույթի նկատմամբ: Ես չեմ կարծում, որ այստեղ որեւէ այլ խնդիրներ է պետք փնտրել»:

«Հայաստանը ԵԱՀԿ-ի, ինչպես նաեւ Եվրախորհրդի եւ այլ միջազգային կազմակերպությունների լիիրավ անդամ է: Պետք չէ խորշել սեփական տեսակետը հայտնելուց, ինչը եւ ես արել եմ», - եզրափակեց Արմեն Աշոտյանը:

Ռուսաստանյան ընտրություններին ԵԱՀԿ-ից հետեւել են կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի երեք տասնյակ դիտորդներ:

ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը նոյեմբերին հայտարարել էր, որ չի դիտարկելու Ռուսաստանում անցկացվելիք ընտրությունները` այդ երկրի իշխանությունների կողմից ձգձգումների եւ սահմանափակումների պատճառով:

Ռուսաստանի նախագահը, սակայն, անցած շաբաթ հայտարարեց, թե ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը պաշտոնական Վաշինգտոնի դրդմամբ է հրաժարվել դիտորդական առաքելություն իրականացնելուց, որպեսզի «ապալեգիտիմացնի» ռուսաստանյան ընտրությունները:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG