Մատչելիության հղումներ

Հայաստանում են ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները


Կիրակի օրը Հայաստան են ժամանել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն եւ Նեւեն Միմիցան, հանձնաժողովի քարտուղար Դեսպինա Չացիվասիլիուն:

Այսօր նախատեսվում են նրանց հանդիպումները Հայաստանում Եվրախորհրդի անդամ երկրների դեսպանների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներին կընդունեն նաեւ Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը եւ Դատական դեպարտամենտի ղեկավար Արսեն Մկրտչյանը, տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

Դեկտեմբերի 4-ին նախատեսված են համազեկուցողների հանդիպումները արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի, Ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի եւ Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի, Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ, երկրի նախագահի օգնական Գեւորգ Մհերյանի, պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հետ:

Չորեքշաբթի օրը ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները կլինեն Ազգային ժողովում` նախատեսված են հանդիպումներ «Ժառանգություն», «Օրինաց երկիր», ՀՅԴ, «Բարգավաճ Հայաստան», ՀՀԿ խմբակցությունների անդամների, խորհրդարանի պետական-իրավական հարցերի, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների նախագահների հետ: Խորհրդարանական հանդիպումները կամփոփվեն Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի հետ հանդիպումով:

Նույն օրը նախատեսված են հանդիպումներ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ:

Դեկտեմբերի 6-ին համազեկուցողները կմեկնեն Երեւանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG