Մատչելիության հղումներ

Մեթյու Բրայզա. «Մենք կողմերին առաջարկում ենք փոխզիջումային լուծում»


«Մենք կողմերին առաջարկում ենք փոխզիջումային լուծում», - հայտարարել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան այսօր Մադրիդում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո:

«Մենք կողմերին առաջարկեցինք մի շարք պահեր` բազային համաձայնության շրջանակներում: Հուսով ենք, որ երկու նախագահները շաբաթներ կամ ամիսներ անց` մինչեւ նախագահական ընտրությունները կկարողանան լուծել այդ հարցերը», - ասել է Բրայզան` հավելելով. - «Մենք ցանկանում ենք, որպեսզի նրանք մինչեւ ընտրարշավների սկսվելը համաձայնության գան հիմնարար սկզբունքների շուրջ»:

APA գործակալության փոխանցմամբ, ամերիկացի համանախագահը հնարավոր է համարել նման համաձայնությունը մինչեւ երկու երկրներում անցկացվելիք նախագահական ընտրությունները:

Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, իր հերթին, հայտնել է, որ կողմերի արձագանքը ուսումնասիրելու նպատակով համանախագահները հունվարի վերջին կժամանեն տարածաշրջան:

Նրա խոսքերով, համանախագահների նպատակն է հնարավորինս արագ ավարտել հարցի չհամաձայնեցված կողմերի շուրջ բազային բանակցությունների փուլը:

«Այսօր մենք կողմերին խորհուրդ ենք տալիս ավարտել հիմնական բազայի ձեւավորման գործընթացը եւ դրա հիման վրա անցնել կարգավորման դետալներին», - ասել է ֆրանսիացի համանախագահը` հավելելով. - «Մենք հաջողությամբ երկար ճանապարհ ենք հաղթահարել»:

Ֆասիեն ընդգծել է հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը` ասելով. - «Եկեք չսպասենք եւս 50 տարի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG