Մատչելիության հղումներ

Գերմանական ոստիկանությունը ձերբակալել է Իրակլի Օքրուաշվիլիին


Գերմանական ոստիկանությունը Բեռլինում ձերբակալել է Վրաստանի ընդդիմության վտարանդի առաջնորդ, պաշտպանության եւ ներքին գործերի նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիին:

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ` Բեռլինի դատախազը հայտնել է, որ Օքրուաշվիլիին կալանելու եւ էքստրադիցիայի ենթարկելու խնդրանքով դիմել էին Վրաստանի իշխանությունները:

Բեռլինի դատախազության խոսնակը տեղեկացրել է, որ Օքրուաշվիլին ձերբակալվել է անցած գիշեր հյուրանոցում, եւ քաղաքային իշխանությունները առաջիկա օրերին կքննարկեն նրան էքստրադիցիայի ենթարկելու հնարավորությունը: Վերջնական որոշում ընդունելու համար կարող է պահանջվել մինչեւ վեց շաբաթ:

«Գլխավորը, որ մենք պետք է ստուգենք, այն է, թե արդյո՞ք Վրաստանում նրան վերագրվող հանցագործությունը հանցագործություն է համարվում Գերմանիայում», - ասել է խոսնակը` հավելելով, թե, ամենայն հավանականությամբ, ձեւականությունները սահուն կընթանան, քանի որ վրաց գործիչը մեղադրվում է յուրացումների մեջ:

Իրակլի Օքրուաշվիլին Վրաստանից հեռացել է նոյեմբերի 1-ի գիշերը, ընդդիմադիրների պնդմամբ` իշխանությունների ճնշման տակ:
Սեպտեմբերի 28-ին նա ձերբակալվել էր` կոռուպցիայի, խոշոր չափի դրամաշորթության, փողերի լվացման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքներով, ապա հոկտեմբերի 9-ին 6 միլիոն դոլար գրավի դիմաց ազատ արձակվել կալանքից:

Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Նիկա Գվարամիան հայտարարել էր, որ Օքրուաշվիլին քննիչներին ներկայացրած դիմումում խոստովանել է իր մեղքը, համաձայնել է համագործակցել իրավապահների հետ, ինչպես նաեւ հրաժարվել է ձերբակալությունից օրեր առաջ երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին հասցեագրած` բռնապետական գործելակերպի եւ ընդդիմախոսների սպանությունները ծրագրելու մեջ մեղադրանքներից:

Այդուհանդերձ, այս ամիս «Ռոյթերզ»-ին տված հարցազրույցում Իրակլի Օքրուավիլին պնդել է Սահակաշվիլիին հասցեագրված մեղադրանքները եւ ասել, թե դրանցից հրաժարվել էր իրեն եւ իր ընկերներին տեւական ազատազրկման ենթարկելու` իշխանությունների սպառնալիքների ազդեցության տակ:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG