Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահի պաշտոնին հավակնում է 22 մարդ


Երեկ երեկոյան Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ավարտել է հունվարի 5-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրություններում առաջադրման փաստաթղթերի ընդունումը. երկրի նախագահի պաշտոնին հավակնում է 22 մարդ:

Առաջադրված թեկնածուները այսօրվանից սկսած տասնօրյա ժամկետում պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացնեն 50 հազար քաղաքացիների ստորագրություններ, որոնք անհրաժեշտ են նրանց գրանցման համար:

Միխեիլ Սահակաշվիլին կիրակի օրը հրաժարական է տվել Վրաստանի նախագահի պաշտոնից եւ ընտրություններում առաջադրվել է որպես իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու:

Ընդդիմադիր 9 կուսակցությունների «Միացյալ ազգային խորհուրդը» որպես միասնական թեկնածու առաջադրել է Lեւան Գաչեչիլաձեին:

Ընդդիմադիր ճակատից նախագահ դառնալու հավակնություններ ունեն եւս առնվազն չորս գործիչներ, ընդ որում, նրանցից երկուսը` Lեյբորիստական կուսակցության ղեկավար Շալվա Նաթելաշվիլին եւ վրաց միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլին, բավական ազդեցիկ դեմքեր են:

Պատարկացիշվիլիի առաջադրման քաղաքացիական նախաձեռնող խումբը ղեկավարում է հանգուցյալ վարչապետ Զուրաբ Ժվանիայի եղբայրը` Գոգա Ժվանիան:

Մյուս առաջադրվածներից վրաց հանրությանը առավել հայտնի են «Հույս» կուսակցության ղեկավար Իրինա Սարիշվիլին եւ ընդդիմադիր «Նոր աջեր» կուսակցությունից Դավիթ Գամկրելիձեն:

Մինչեւ հունվարի 5-ը Վրաստանի նախագահի պարտականությունները կկատարի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն, ով երկուշաբթի երեկոյան հանդես է եկել հանրային հեռուստատեսությամբ` հայտարարելով, որ երկրի ղեկավարությունն ամեն ինչ անելու է ընտրությունների խաղաղ, ազատ եւ արդար ընթացքն ապահովելու համար:

«Սա եւս մի փորձություն է Վրաստանի համար, եւ ես համոզված եմ, որ այս փորձությունը եւս կհաղթահարվի եւ Վրաստանը կշարունակի շարժվել եվրատլանտյան եւ ժողովրդավարական արժեքների ճանապարհով», - հայտարարել է Բուրջանաձեն:

Վրաստանի նախագահի մամլո ծառայության ղեկավար Վանո Նոնիաշվիլին տեղեկացրել է, որ ընտրություններին զուգահեռ անցկացվելու է նաեւ հանրաքվե, որով ժողովուրդը պետք է որոշի խորհրդարանական ընտրությունների ժամկետը, ինչպես նաեւ իր կարծիքը հայտնի ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հարցով:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG