Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտին. «Ռուսաստանը հաշվի կառնի, որ ԵԱՀԿ-ն հրաժարվեց դիտորդներ ուղարկել Վաշինգտոնի առաջարկով»


«ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կառուցելիս Ռուսաստանը հաշվի կառնի, որ ԵԱՀԿ-ն հրաժարվեց Ռուսաստանում անցկացվելիք ընտրություններին դիտորդներ ուղարկել Վաշինգտոնի առաջարկով», - այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մեր ունեցած տեղեկություններով` հերթական անգամ դա արվել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի առաջարկով, ինչը մենք հաշվի կառնենք այդ պետության հետ մեր միջպետական հարաբերություններում», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության վկայությամբ` ասել է Պուտինը Սանկտ Պետերբուրգում կայացած մի հանդիպման ժամանակ:

Ռուսաստանի նախագահի կարծիքով, դեկտեմբերի 2-ին անցկացվելիք Պետդումայի ընտրություններին դիտորդներ չգործուղելու` ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) որոշումը նպատակ ուներ «ապալեգիտիմացնել» ընտրությունները:

«Այդպիսի ակցիաները չեն կարող ձախողել ընտրությունները Ռուսաստանում: Նպատակը ընտրությունները ապալեգիտիմացնելն է, սակայն այդ նպատակին նրանք չեն հասնի», - հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանի Պետդումայի ընտրություններին դիտորդներ չգործուղելու իր որոշման մասին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հայտարարել էր նոյեմբերի 16-ին` որպես այդ քայլի պատճառ մատնանշելով ռուսաստանյան իշխանությունների կողմից ձգձգումները եւ սահմանափակումները: Գրասենյակի հրապարակած հայտարարությունում ասված էր, թե Ռուսաստանի իշխանությունները «հակված չեն ժամանակին ընդունել դիտորդներին եւ լիովին համագործակցել նրանց հետ»: Մասնավորապես, ինչպես նշել էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, գրասենյակի դիտորդների համար Ռուսաստան մուտքի վիզաներ ստանալու դիմումները «շարունակաբար մերժվում են»:

Ռուսաստանը այս տարի ԵԱՀԿ-ից ընդամենը 70 դիտորդ է հրավիրել, մինչդեռ 2003 թվականի ընտրություններին միայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից հետեւել են մոտ 400 դիտորդներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG