Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյան. «Մենք գնում ենք հաղթելու»


Արթուր Բաղդասարյանը, ում գլխավորած «Օրինաց երկիր» կուսակցությունը երեկ մերժեց Լեւոն Տեր-Պետրոսյանի` իրեն որպես նախագահի թեկնածու միանալու կոչը, ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարեց, որ իրենք ընտրությունների են գնում` հաղթելու:

«Մենք գնում ենք հաղթելու եւ մենք հաղթելու ենք», - ասաց նա:

Բաղդասարյանը ասաց, որ ընդդիմադիր դաշտի հիմնական թեկնածուներ է համարում իրեն եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին. - «Ինչպես ընդդիմության բեւեռում, այնպես էլ իշխանության բեւեռում կարող են ձեւավորվել երկուական բեւեռներ... Իշխանության դեպքում արդեն իսկ ակնհայտ է Հայաստանի հանրապետական կուսակցության դիրքորոշումը եւ Դաշնակցության դիրքորոշումը: Ընդդիմադիր բեւեռում այսօր ձեւավորվում է առաջին նախագահի շուրջ որոշակի ուժերի համակցություն, եւ այսօր մենք ապացուցել ենք, որ մեր կուսակցության օգտին պատրաստ է առնվազն քվեարկել Հայաստանի 150 հազար քաղաքացի»:

Բացառելով ընտրությունների անցկացումը մեկ փուլով` Բաղդասարյանը, հարցին, թե ով կանցնի երկրորդ փուլ, պատասխանեց. - «Ես չեմ ուզում թերագնահատել որեւէ հակառակորդի. կարող է լինել ե’ւ Սերժ Սարգսյանը, ե’ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ե’ւ այլ թեկնածուներ, բայց ընդամենը մի քանի մարդու մեջ է լինելու ընտրությունը, եւ այն էլ` մեկ ձեռքի մատերի վրա հաշված, եւ նույնիսկ գուցե դա էլ ավելանա»:

Հարցին, թե եթե երկրորդ փուլում հայտնվեն ինքն ու Սերժ Սարգսյանը, վատաբանելո՞ւ է այսօրվա վարչապետի քայլերը, Բաղդասարյանը արձագանքեց. - «Բա եթե կան թերություններ, արատներ, սխալներ, իհարկե ասելու ենք... Հայաստանում տեղի է ունենում օլիգոպոլ տնտեսական համակարգի խոշորացում: Այն ողորմությունը, այն ընտրական կաշառքները, որոնք բաժանեցին ժողովրդին, այսօր` այս գների խայտառակ թանկացման պայմաններում, մարդկանց քթից են բերում»:

«Նոր թանկացումներ են սպասվելու», - շարունակեց նա: - «Առաջիկայում նոր տարի է, հաջորդ տարի գազի գնի թանկացում է սպասվում: Եվ ժողովուրդը պետք է իմանա, որ, իրոք, մենք պետք է ոչ թե ընտրակաշառքով ձեւավորենք իշխանությունը: Մենք պետք է իրոք ձեւավորենք ժողովրդի իշխանություն, եւ կախված չլինի տարբեր կլանային ստորաբաժանումների հետեւողական դիրքորոշումներից»:

Բաղդասարյանի համոզմամբ, իրենք եւ իրենց հետ համագործակցող քաղաքական ուժերը այսօր ունեն «բավարար քաղաքական ռեսուրսներ, բավարար քաղաքական կամք` պայքարելու, որպեսզի լինեն իրոք արդար ընտրություններ»:

Դիտարկմանը, որ անցած տարվա ընթացքում մի շարք խոշոր գործարարներ դուրս եկան «Օրինաց երկիր» խմբակցությունից, եւ հարցին, թե ի՞նչ միջոցներով են կազմակերպելու նախընտրական քարոզարշավը, կուսակցության առաջնորդը արձագանքեց. - «Այսօր խրախուսվում է դավաճանությունը, որովհետեւ մարդկանց կանգնեցնում են անպատիվ ընտրության առջեւ. ասում են` կա’մ գնա դավաճանիր ընկերոջդ, կա’մ բիզնեսդ ձեռքիցդ կխլենք: Այսինքն` գործարարի կարծիքը պետք է հարյուր տոկոսով համընկնի իշխանության կարծիքի հետ... Ինչ վերաբերում է մեր ֆինանսական հնարավորություններին, ես չեմ էլ թաքցնում եմ, որ կան շատ գործարարներ, միջին, ոչ թե խոշոր գործարարներ` փոքր, միջին գործարարներ, որոնք մեր ընկերներն են, մեզ հետ պայքարել են, եւ ամեն մարդ պատրաստ է իր մասնակցությունը բերել... Նաեւ մենք կազմակերպելու ենք հրապարակային դրամահավաքներ»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG