Մատչելիության հղումներ

Լիբանանի նախագահի ընտրությունները կրկին հետաձգվեցին


Լիբանանի նախագահի ընտրությունները արդեն հինգերորդ անգամ հետաձգվել են եւ նշանակվել նոյեմբերի 30-ին:

Հայաշատ Լիբանանում քաղաքական իրավիճակը վերստին անկայուն է: Կեսգիշերին սպառվում է նախագահ Էմիլ Լահուդի պաշտոնավարման ժամկետը. լիբանանյան օրենքի համաձայն, նախագահին խորհրդարանն է ընտրում, մինչդեռ օրենսդիր մարմինը լիովին պառակտված է՝ արեւմտամետ ուժերը պատրաստ են մասնակցել ընտրություններին, բայց «Հըզբոլա»-ի առաջնորդած ընդդիմությունը բոյկոտում է նիստը, ինչի հետեւանքով չի հավաքվում քվորումի համար անհրաժեշտ պատգամավորների երկու երրորդը:

Բեյրութի փողոցներում տեղակայված են հազարավոր զինվորներ, կենտրոնում եւ հատկապես խորհրդարանի շենք տանող մայրուղիներում տանկեր են եւ զրահամեքենաներ, կառավարական հիմնարկների մոտ` պարեկային խմբեր եւ անցակետեր:

Անվտանգության ապահովման արտակարգ միջոցներ են ձեռնարկվել 5-աստղանի այն հյուրանոցի մոտ, որտեղ արդեն երկու ամիս շարունակ բնակվում են հակասիրիական դիրքորոշում ունեցող մի քանի տասնյակ օրենսդիրներ:

Անցած երեք տարվա ընթացքում Լիբանանում քաղաքական դրդապատճառներով սպանվել է մի քանի տասնյակ մարդ, այդ թվում` հակասիրիական դիրքորոշում ունեցող 8 քաղաքական գործիչ եւ լրագրող:

Էմիլ Լահուդը հայտարարել է, թե իր համար խիստ վիճելի է Արեւմուտքի աջակցությունը վայելող վարչապետ Ֆուադ Սինիորայի կառավարության լեգիտիմությունը, եւ, չմանրամասնելով, ծանուցել է, թե «պաշտոնն ազատելուց առաջ կձեռնարկի որոշ կոնկրետ քայլեր»:

Ամերիկայի Միացյալ Նահանգները, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում այդ գերհզոր երկրի դաշնակիցները պնդում են, որ Լիբանանի ճգնաժամը հրահրում է Սիրիան: Դամասկոսում այդ մեղադրանքը կտրականապես հերքում են:

Մինչդեռ, «Հըզբոլա»-ի եւ այդ մահմեդական շարժման հետ նախագահի ընտրության հարցում նույն դիրքերից հանդես եկող Լիբանանի քրիստոնյաների համոզմամբ, ԱՄՆ-ը մտադիր է հսկողության տակ առնել Լիբանանը եւ այդ նպատակով սատարում է խորհրդարանական մեծամասնությանը, որը չի ցանկանում արդար ձեւով իշխանությունը կիսել «Հըզբոլա»-ի եւ քրիստոնյաների հետ:

Պաշտոնական Փարիզն էլ է փորձում միջնորդել, սակայն` ապարդյուն: Երեկ Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները ձախողված բանակցություններից հետո մեկնել է Բեյրութից:

Լիբանանի խորհրդարանի այսօրվա նիստը նախատեսված էր տեղական ժամանակով ժամը 13:00-ին, սակայն, ինչպես եւ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կանխատեսել էր խորհրդարանի հայազգի պատգամավոր Հակոբ Բագրատունին, քվորումը կրկին չի ապահովվել:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG