Մատչելիության հղումներ

Բրիտանացի ինժեներն ու ամերիկյան GAP կազմակերպությունը ՀԲ-ին մեղադրում են Հայաստանում կոռուպցիոն սկանդալը կոծկելու մեջ


Բրիտանացի ինժեներ Բրյուս Թասքերը եւ միջազգային կառույցներում չարաշահումների բացահայտմամբ զբաղվող ամերիկյան GAP (Government Accountability Project - Կառավարությանը հաշվետու հանձնաժողով) հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Բեաթրիս Էդվարդսը հինգշաբթի օրը հայտարարեցին, որ Համաշխարհային բանկը «շահագրգռված չէ բացահայտել» իր վարկով իրականացվող Երեւանի ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրում տեղ գտած չարաշահումները:

Ազգային Ժողովում 4 տարի առաջ ստեղծված Օտարերկրյա վարկերի, դրամաշնորհների եւ մարդասիրական օգնության օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը գլխավորող Վահան Հովհաննիսյանը, սպառողներից ստացած բողոքների հիման վրա առաջարկել էր անգլիացի ինժեներ Բրյուս Թասքերին ուսումնասիրել Համաշխարհային բանկի Երեւանի ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագիրը: 2004 թվականի հունվարից սկսելով իր ուսումնասիրությունները` Թասկերը մեկ ամսվա ընթացքում բազմաթիվ ապօրինություններ էր հայտնաբերել:

Երեկ եւ այսօր Թասքերը եւ Էդվարդսը հանդիպել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան ներկայացուցիչներին եւ Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսին:

Սակայն, մինչ այդ, GAP ընկերության ներկայացուցիչ Բեաթրիս Էդվարդսը, ստանալով Բրյուս Թասքերի ուսումնասիրությունների արդյունքները, դրանք ուղարկել էր Համաշխարհային բանկի Ինստիտուցիոնալ անաչառության կառույցին (Institutional Integrity Department - INT): Տիկին Էդվարդսի խոսքով, INT-ից ստանալով շատ կարճ եւ անորոշ պատասխան, որոշել են նույն փաստաթղթերը ներկայացնել Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսին, իսկ վերջինս իրենց հորդորել է դիմել INT, որտեղ արդեն իրենք եղել են:

GAP -ի ներկայացուցչի խոսքով, Թասքերը Վարուդակիսին է ներկայացրել երկու փաստաթուղթ, որոնցում առկա էին կոռուպցիայի եւ խարդախության դեպքերը, սակայն, Վարուդակիսն ասել է, թե դրանք այնքան էլ կարեւոր չեն եւ «մեծ նշանակություն չունեն այդ փաստաթղթերը»:

Ըստ ուսումնասիրությունների, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նախկին ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը թաքցրել է Բրյուս Թասքերի ներկայացրած չարաշահումների որոշ փաստեր` չհրապարակելով դրանք, մինչեւ իր լիազորությունների ժամկետի ավարտը: Բացի այդ, «Էյ Յութիլիթի» ընկերության լիազորված ներկայացուցիչ Ռիչարդ Վոլքինգը միաժամանակ հանդիսացել է Երեւանի Ջրմուղ կոյուղու տնօրենը, ինչը չի համապատասխանում Համաշխարհային բանկի որեւէ կանոնի: Սակայն այս խախտումը Ռոջեր Ռոբինսոնը չի շտկել:

Էդվարդսը եւ Թասքերը դիմել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն այն պատճառով, որ «Էյ Յութիլիթի» ընկերության լիազորված ներկայացուցիչ Ռիչարդ Վոլքինգը, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նախկին ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են:

Տիկին Էդվարդսը նշեց, որ բազմաթիվ խոչընդոտների են հանդիպում, չարաշահումները բացահայտելու գործում:

Վերադառնալով Համաշխարհային բանկին պատկանող INT կառույցին, նա ասաց, որ իրենց դիմումին ի պատասխան, INT-ից հայտնել են, թե այդ «գործը միջին գերակայության է եւ սպասում է իր հերթին»:

Ըստ GAP-ի ներկայացուցչի, սակայն, իրենք այլ աղբյուրներից պարզել են, որ INT-ն չի քննում միջին գերակայության գործերը, ինչից Բեաթրիս Էդվարդսը ենթադրում է, որ «INT-ն շահագրգռված չէ բացահայտել չարաշահումները»:

«INT-ն հիմնականում պաշտպանում է հենց բանկի շահերը եւ հաճախ հետապնդում է այն մարդկանց, ովքեր մեղադրանքներ են ներկայացնում Համաշխարհային բանկին», - հավելեց Բրյուս Թասքերը:

Նա նշեց նաեւ, որ այսօրվա հանդիպման ժամանակ Արիստոմենե Վարուդակիսը խոստացել է, որ գործի քննությունը կիրականացվի թափանցիկ:

Այս ամենից ելնելով, Բրյուս Թասքերն իրեն իրավունք վերապահեց հայտարարել, թե ժամանակի ընթացքում պարբերաբար փոխվում է Համաշխարհային բանկի մոտեցումն այս հարցում: Բեաթրիս Էդվարդսը, իր հերթին, ավելացրեց, թե «դատելով բանկի պահվաքից, կարելի է ենթադրել, որ նրանց հրապարակումների մի մասը պարզապես կեղծ են»:

Էդվարդսը եւ Թասքերը շուրջ երեք շաբաթ առաջ դիմել են նաեւ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանին եւ խորհրդարանի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանին: Վարչապետից որեւէ պատասխան դեռ չեն ստացել, իսկ Վահան Հովհաննիսյանը, Բրյուս Թասքերի խոսքով, ժամանակի սղության պատճառով հրաժարվել է հանդիպել իրենց հետ:

Բրյուս Թասքերը պնդում է, թե չարաշահումների արդյունքում գոյացած գումարը գերազանցում է տրամադրված վարկի չափը (ավելի քան 30 միլիոն դոլար):


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG