Մատչելիության հղումներ

Աշխաբադում հանդիպում են ԱՊՀ-ի երկրների վարչապետները


Այսօր Աշխաբադում կհանդիպեն ԱՊՀ-ի անդամ երկրների վարչապետները: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, հանդիպման օրակարգում ընդգրկված է մոտ երեք տասնյակ հարց, որոնցից առանցքային են լինելու մաքսային գործունեությանը վերաբերող խնդիրները, նախկին խորհրդային երկրների միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակման հնարավորություններն ու 2008 թվականի բյուջեն:

Փորձագետները, սակայն, առավել ուշագրավ են համարում գագաթնաժողովի ընթացքում ակնկալվող երկկողմ հանդիպումներն ու բանակցությունները: Մասնավորապես, ակնկալվում է հանդիպում Թուրքմենստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների միջեւ, որի ընթացքում կողմերը կքննարկեն Կասպից ծովի վիճահարույց տարածքների եւ նավթային պաշարների ճակատագիրը:

Սպասվում է հանդիպում նաեւ Թուրքմենստանի նախագահի եւ Ռուսաստանի վարչապետի միջեւ, որի ընթացքում, ըստ փորձագետների, պաշտոնական Մոսկվան կփորձի Աշխաբադից փաստացի երաշխիքներ ստանալ մերձկասպյան գազատարի կառուցման վերաբերյալ` խողովակաշար, որով նախատեսվում է միջինասիական գազը Ռուսաստանի տարածքով փոխադրել Եվրոպա:

Փորձագետներն առանձնացնում են մեկ ուշագրավ փաստ եւս. վերջին 15 տարիներին առաջին անգամ ԱՊՀ-ի վարչապետների հանդիպումն անցնում է Թուրքմենստանում, որը ԱՊՀ-ի անդամ 12 երկրներից միակն է, որ կառույցին անդամակցում է ոչ թե լիիրավ, այլ ընկերակցված կարգով: Երկու տարի առաջ նման որոշում է կայացրել Թուրքմենստանի նախկին նախագահ Սափարմուրադ Նիյազովը:

ԱՊՀ-ի վարչապետների հանդիպմանը մասնակցելու նպատակով երեկ Աշխաբադ է մեկնել Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG