Մատչելիության հղումներ

Սերգեյ Միրոնով. «Պուտինը 2008-ի մարտին կարող է վերստին զբաղեցնել նախագահի պաշտոնը»


Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը այսօր համոզմունք է հայտնել, որ Վլադիմիր Պուտինը կարող է առանց Սահմանադրությունը խախտելու 2008 թվականի մարտին վերստին զբաղեցնել պետության ղեկավարի պաշտոնը:

«Կա ալգորիթմ, որը Վլադիմիր Պուտինին հնարավորություն կտա 2008 թվականի մարտին առաջադրվել նախագահի պաշտոնում` առանց փոփոխելու Սահմանադրությունը», - հայտարարել է Միրոնովը ասուլիսի ժամանակ` չհստակեցնելով իր բացահայտած «ալգորիթմի» էությունը:

Միաժամանակ, ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահը չի բացառել Պուտինի վաղաժամ հրաժարականը` ընդգծելով, որ այդ դեպքում «Սահմանադրության որեւէ խախտում տեղի չի ունենա»:

«Գլխավորը հենց իր` Վլադիմիր Պուտինի կամքը եւ վճռականությունն է», - ասել է Միրոնովը:

Նրա կարծիքով, Պուտինը, ով բազմիցս հայտարարել է, թե մտադիր չէ երրորդ ժամկետով մնալ նախագահի պաշտոնում, պետք է «վերանայի իր դիրքորոշումը եւ արձագանքի միլիոնավոր ռուսաստանցիների կոչերին եւ խնդրանքներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG