Մատչելիության հղումներ

ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը


Հարավային Ամերիկայի խոշորագույն կազմակերպություններից մեկի` ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Խորհրդարանի լիագումար նիստում, որը կայացել է երկուշաբթի օրը Մոնտեվիդեոյում, Արգենտինան, Բրազիլիան, Պարագվայը եւ Ուրուգվայը ներկայացնող պատգամավորները ձայների մեծամասնությամբ հաստատել են խորհրդարանի Մարդու իրավունքների հանձնաժողովի` նախօրեին միաձայն ընդունած որոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության այսօր տարածած հաղորդագրության համաձայն` որոշման մեջ, մասնավորապես, ասված է. - «ՄԵՐԿՈՍՈւՐ-ի Խորհրդարանը վճռականորեն դատապարտում է 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի ցեղասպանությունը, որը խլեց մեկուկես միլիոն մարդկանց կյանք, եւ իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդի արդար Դատին, միաժամանակ կոչ է անում Հայոց ցեղասպանությունը դեռ չճանաչած եւ չդատապարտած կառավարություններին եւ խորհրդարաններին նմանատիպ որոշում կայացնել»:

1986 թվականին ստեղծված ՄԵՐԿՈՍՈւՐ կազմակերպության կազմում են Արգենտինան, Բրազիլիան, Պարագվայը, Ուրուգվայը եւ Վենեսուելան, ասոցիացված անդամներ են Չիլին, Բոլիվիան, Կոլումբիան, Էկվադորը եւ Պերուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG