Մատչելիության հղումներ

Սեմնեբիին գոհացնում է, որ ընտրություններում «ներկայացված է լինելու քաղաքական ողջ դաշտը»


Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում երեքշաբթի օրը գոհունակություն հայտնեց, որ 2008-ի նախագահական ընտրություններում ներկայացված է լինելու «Հայաստանի քաղաքական ողջ դաշտը»:

Սեմնեբին ասաց, որ այս այցի շրջանակներում հանդիպել է բացառապես ընդդիմադիր թեկնածուների հետ:

Այդուհանդերձ, նշենք, որ «Ազատություն» ռադիոկայանի հետ Եվրամիության ներկայացուցիչը զրուցեց Հայ հեղափոխական դաշնակցության ղեկավար անդամ, Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի հետ հանդիպումից հետո:

Հարցին, թե քանի թեկնածուի հետ է հանդիպել կամ հանդիպելու մինչեւ այցի ավարտը (նրա գլխավորած պատվիրակությունը Երեւանից մեկնելու վաղն առավոտյան), Սեմնեբին պատասխանեց. - «Այդ հարցին դժվար է պատասխանել, որովհետեւ դրանցից մի քանիսի մասին հրապարակվել է, մյուսների մասին` ոչ»:

Հարցին, թե ինչպիսի հարցեր են քննարկվել Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Վազգեն Մանուկյանի հետ հանդիպումների ժամանակ, Եվրամիության պաշտոնյան արձագանքեց. - «Գոհացնող է այն, որ այս անգամ կարծես ակտիվ ընտրարշավ է սպասվում: Այս անգամ ներկայացված է լինելու Հայաստանի քաղաքական ողջ դաշտը: Տարբեր քաղաքական գործիչների մասնակցությամբ կապահովվի նաեւ բազմակարծության բարձր մակարդակ»:

Նրա գնահատմամբ` դա «դրական երեւույթ է». - «Վստահ եմ, որ այդ ամենը կխթանի Հայաստանի քաղաքացիների մասնակցությունը ոչ միայն ընտրություններին, այլ ընդհանրապես քաղաքական կյանքին, ինչը շատ կարեւոր նշանակություն կունենա Հայաստանի հետագա զարգացման համար»:

Իսկ քաղաքական գործիչների հետ հանդիպումներում քննարկվել են ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաեւ ապագա նախագահական ընտրություններին առնչվող հարցեր: Թեկնածուները հատկապես ընդգծել են մի քանի հարցեր, որոնց ցանկալի է, որ ուշադրություն դարձնեն միջազգային դիտորդները:

«Դրանք այն խնդիրներն են, որոնց նախորդ ընտրություններից հետո անդրադարձել էին դիտորդները` քվեարկության օրը արդյունքների հաշվարկում, զանգվածային լրատվամիջոցների ազատություն եւ անաչառություն», - ասաց նա: - «Այս փուլում, քանի դեռ քարոզարշավը պաշտոնապես չի մեկնարկել, հավանական թեկնածուներին լրատվությանն առնչվող հարցերն են առավելապես մտահոգում»:

Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնությունների գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ժամանակ Եվրամիության հատուկ ներկայացուցչին է հանձնվել Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների փաթեթը, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտման եւ ոստիկանության բռնարարքների մասին գրասենյակի կազմած տեղեկանքների առաջին երեք թողարկումները։

Հարցին, թե նման միջադեպերը կարո՞ղ են ստվեր գցել ընտրական գործընթացների վրա, Սեմնեբին արձագանքեց սոսկ, որ «իշխանությունները երաշխիքներ պետք է տան, որ թեկնածուների ու նրանց աջակիցների անվտանգությունը ապահովված կլինի»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG